Գազի հետխորհրդային շուկաներում «Գազպրոմ»-ի դիրքերը վերջին 5 տարիներին խարխլվել են: Ուկրաինան կրճատել է գնումների ծավալը, իսկ Մոլդովան եւ Լիտվան հաջող կապեր են հաստատել այլընտրանքային մատակարարողների հետ: Մյուս կողմից, Բելառուսն ու Հայաստանը ցանկանում են ավելի ցածր գին վճարել՝ քաղաքականապես ավելի մոտ լինելով Ռուսաստանին, եւ որոնք, ամենայն հավանականությամբ, հուսալի գործընկեր կմնան առաջիկա տարիներին: Այս մասին շվեյցարական «Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության ցանց» կենտրոնի կայքում հրապարակված հոդվածում գրել է վերլուծաբան Ինգերիդ Օփդալը: Հոդվածում նշվում է.
«2008-2009 թվականների ճգնաժամից հետո «Գազպրոմ»-ի վաճառքի ծավալները հետխորհրդային բոլոր շուկաներում շարունակում են անկում ապրել: Եթե 2010 թվականին այնտեղ վաճառքը կազմել էր 70.2 մլրդ, ապա 2014 թվականին՝ 48.1 մլրդ:
2001-03 թ.թ. հետխորհրդային շուկաներում «Գազպրոմ»-ի վաճառքի ծավալները կազմել են ընդամենը 8-9% կամ շուրջ 40 մլրդ խորանարդ մետր: «Գազպրոմ»-ի վաճառքի գագաթնակետին՝ 2006 թվականին (578.8 մլրդ խ.մ.) հետխորհրդային պետությունների մասնաբաժինը հասել էր 17.4%-ի կամ 101 մլրդ խորանարդ մետրի: Իսկ 2014 թվականին տարածաշրջանի մասնաբաժինը կազմել է արդեն 10.9% կամ 48.1 մլրդ:
Օրինակ, եթե 2006 թվականին Ուկրաինան «Գազպրոմ»-ից 59 մլրդ խ.մ. գազ էր գնում, ապա 2014-ին՝ ընդամենը 14.5 մլրդ: 2014 թվականին Ուկրաինան որոշեց որոշեց գազի մատակարարման պայմանագիր կնքել Սլովակիայի, Լեհաստանի եւ Հունգարիայի հետ:
Ամեն դեպքում, քիչ է հավանական, որ առաջիկայում «Գազպրոմ»-ի մատակարարումներն ավելի կրճատվեն՝ հաշվի առնելով տարանցիկ մատակարարումների տեխնիկական սահմանափակումները:
«Գազպրոմ»-ը շրջանցող ուղիները տարեկան կտրվածքով շուրջ 100 մլրդ խ.մ. թողունակություն ունեն:
«Հյուսիսային հոսք 2»-ը 3-րդ եւ 4-րդ գիծը կավելացնի Բալթիկ ծովով երթուղուն եւ ընդհանուր թողունակությունը կհասցնի 110 մլրդ խ.մ.-ի:
Հետխորհրդային այլ երկրներ «Գազպրոմ»-ի մատակարարումները վերջին 5 տարիներին կայուն են՝ շուրջ 33 մլրդ խ.մ.-ի մակարդակի, որից 30 մլրդ-ը գնում է Բելառուսը, իսկ Ղազախստանը գնումների ծավալը հասցրել է 5 մլրդ-ի: Ոչ մեծ գնորդները՝ Բալթյան երկրներ, Հայաստան, Վրաստան եւ Մոլդովա (տարեկան մինչեւ 3 մլրդ խ.մ.), 100%-ով կախված են ներկրումից:
Պարտքերի դիմաց «Գազպրոմ»-ն այս երկրներում գազատրանսպորտային ակտիվներ է ձեռք բերել՝ ապահովելով տարանցման կայունություննն ու ավելացնելով այդ երկրների վրա ազդեցությունը: Բացի այդ, քանի որ «Գազպրոմ»-ի առաջարկը գերազանցում է արդյունահանումը, այն կարող է հեշտությամբ գինը նվազեցնել ցանկացած մրցակցի դեմ:
Հայաստանում «Գազպրոմ»-ն աստիճանաբար բաշխիչ ցանց է ձեռք բերել. այն ազդել է Հայաստանի վրա, որը հրաժարվել է դեպի Վրաստան եւ Ուկրաինա իրանական գազի տարանցումից: Հայաստանում ակտիվները ձեռք են բերվել գազի գնի ժամանակավոր սառեցման փոխարեն: Ընդհանուր առմամբ, Հայաստանի գազի, էլեկտրականության եւ ատոմային էներգիայի շուկայում Ռուսաստանի գերակշռությունը կարեւոր դեր կատարեց Եվրոպական ասոցացումից հրաժարվելու եւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցրում:
Բայց այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան, Բալթյան երկրները, այլընտրանքային մատակարարումները հանգեցնում են գնային մրցակցության, որտեղ «Գազպրոմ»-ը շահույթ կկորցնի»:





























