Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոխերիմ թշնամի Ֆեթհուլլահ Գյուլենը Էրդողանին նզովելու ընթացքում նաեւ անիծում է «Բագրատունի ահաբեկչական» խմբավորմանը։ Բագրատունի անունը Թուրքիայում մեծ արձագանք է գտել։ Այս հարցի շուրջ NEWS.am-ին մեկնաբանություն է տվել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Ֆեթհուլլահ Գյուլենը նզովքով արձագանքեց օրեր առաջ Էրդողանի հրահանգով Ֆեթհուլլահ Գյուլենին եւ նրա շարժման հետեւորդներին ահաբեկիչ հայտարարելուն։ Գյուլենն իր նզովքում ասաց. Թող Աստված պատժի ոչ ահաբեկչական կառույցին ահաբեկչական ասողին, թող Աստված պատժի Բագրատունի ահաբեկչական կառույցին...»։
Թուրքիայում ուշադրություն չդարձրեցին, որ նզովք է հնչում Էրդողանին, սակայն մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին «Բագրատունի կառույցի» հանդեպ։ Թուրքիայում բոլորը սկսեցին մտնել ինտերնետ՝ ճշտելու, թե ովքեր են Բագրատունիները։
Սակայն Հայոց Բագրատունիների թեման միստիկ ու առեղծվածային երանգներ է ձեռք բերել Թուրքիայում։ Թուրք վերլուծաբանները համարում են, որ Բագրատունիները 3 ինքնություն ունեցող գաղտնի խմբավորում են, ովքեր ճանաչում են միմյանց ու ապրում հատուկ կանոններով։ Այսինքն, Թուրքիայի Բագրատունիների արտաքուստ մուսուլման են, սակայն ծպտյալ հայ են, իսկ 3-րդ շերտում հրեա են։
Հրեական արմատներով թուրք հետազոտող Գադ Նասսին, ով ուսումնասիրություններ է կատարում գաղտնի խմբակների ուղղությամբ, առանձնահատուկ ուշադրության է հրավիրել Թուրքիայում հայ Բագրատունիների կենցաղի ու սովորույթների վրա։ Ըստ Նասսիի՝ Բագրատունիները Թուրքիայում ապրում են հիմնականում Սըվասից Երզնկա ընկած հատվածում, Արաբկիրում, Կապադովկիայում եւ Կիլիկիայում։ Նա նշում է, թե Բագրատունիները առեւտրի եւ ֆինանսական ոլորոտւմ մեծ հաջողություններ են վայելում։
Բագրատունիների հետ կապված պնդումներով է հայտնի նաեւ ստամբուլահայ հակահայ լրագրող Լեւոն Փանոս Դաբաղյանը, ով շեշտում է, թե Զեյթունի ապստամբության հետեւում կանգնած են եղել Բագրատունիները, ովքեր կազմակերպել են այն։
Իսկ որոշ թուրք լրագրողներ շեշտում են, Թուրքիայում Բագրատունիները ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում ու կարեւոր դերակատարներ են Թուրքիայի կյանքում։
Իսկ Գյուլենի նզովքում Բագրատունիներին հիշատակելու հետ կապված թուրք ուսումնասիրողների ամենահետաքրքիր մեկնաբանությունն այն է, որ Գյուլենը իր նզովքի տեքստով գաղտնի ուղերձ է հղել համապատասխան մարդկանց։
Նշենք, որ հայ Բագրատունիները նախարարական, ապա արքայական տոհմ էին Հայաստանում (IX–XI դարերում): 922 թ-ից կրել են Շահնշահ Հայոց և Վրաց տիտղոսը: Վրաստանում սկզբնավորել են վրաց Բագրատունիների արքայատոհմը (IX–XIX դարեր):





























