Երգչուհի Աիդա Սարգսյանը, որն իր մոր մահվան մեջ մեղադրում է անեսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանին, նրա դեմ ոստիկանություն բողոք չի ներկայացնի։ 

NEWS.am-ի հետ զրույցում Աիդա Սարգսյանը նշեց, որ չի վստահում Հայաստանի արդարադատությանը, եւ վստահ է, որ իր նպատակին՝ մոր մահվան մեջ մեղավորին պատժված տեսնելուն, չի հասնի։

«Ես սգի մեջ եմ, իմ սուգը չեմ թողնի, ընկնի դատարանի դռները։ Գործ հարուցելով՝ մամայիս հետ չեմ բերի։ Աստված իրանց դատն ու դատաստանը կտեսնի։ Ես հույս չունեմ, որ Հայաստանում արդարության կարելի է հասնել։ Եթե իմանայի՝ մի բանի կհասնեմ, ես բոլորի կոկորդները կկրծեի, բայց անիմաստ է ներվերս քայքայելը»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ պնդում է՝ իր մոր մահվան մեջ մեղավոր է բժիշկը, ըստ նրա դա ապացուցված է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։

Աիդա Սարգսյանի խոսքով՝ ինքը շուտով կվերադառնա երգարվեստ։

«Ես պետք է ուժ հավաքեմ, նորից իմ գործունեությամբ զբաղվեմ, ես մարդկանց եմ ուրախացնում, իսկ մայրս ինձ այնտեղից չի ների, որ ես դադարեմ բեմ դուրս գալ»,-ասաց երգչուհին։

Նշենք, որ երգչուհի Աիդա Սարգսյանն իր մոր մահվան մեջ մեղադրում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի անեսթեզիոլոգ Հրանտ Կարապետյանին, որն, ըստ երգչուհու սխալ հիվանդության ախտորոշում է արել։

NEWS.am-ի հետ զրույցում Հրանտ Կարապետյանը նշել էր, որ իրեն մեղավոր չի համարում: Նրա խոսքով՝ Աիդա Սարգսյանի մոր մոտ ստամոքսի քաղցկեղ էր, եւ նրա կյանքը փրկելն անհնար էր։