Արմավիրի մարզի Պտղունք գյուղի գյուղապետն այլեւս հույս չունի, թե գյուղի դպրոցի շինարարությունն այս տարի կսկսվի: NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Կարապետ Աթենյանը նշեց, որ իրենց դպրոցի շինարարությունը պետք է արդեն սկսված լիներ, բայց կրկին ձգձգվում է:
«Սեպտեմբերին նախագիծն արդեն պատրաստ էր, պետք է արդեն սկսած լինեին շինարարությունը: Բայց հինգ օր առաջ զանգահարեցի քաղաքաշինության նախարարություն, ասացին կառավարությունը վերջնական համաձայնեցումների փուլում է Ասիական բանկի հետ: Չնայած շարունակում եմ պայքարել, բայց հույսս կտրել եմ, անընդհատ հետ են գցում»,- ասաց գյուղապետը:
Գյուղի դպրոցի աշակերտներն այս տարի նույնպես ձմեռը կիսախարխուլ շենքում կանցկացնեն, որը կառուցվել է 1948թ. եւ վերանորոգվել մեկ անգամ՝ 90-ականներին: Մի քանի օրից կփորձեն դպրոցը դիզվառելիքով տաքացնել:
Նշենք, որ ըստ նախագծի՝ դպրոցի շինարարությունը կտեւի 1.5-ից 2 տարի, այն կառուցվելու է Ասիական բանկի ծրագրով: Նախատեսվում է դպրոցին կից նոր մասնաշենք կառուցել:





























