Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 4.7 կմ-ը ոչ թե ասֆալտապատվում է, այս փոսալցվում է ճանապարհների վերանորոգման ընթացքում ավելացված ասֆալտի խտանյութի հումքով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե առատ ձյան պայմաններում ճանապարհն ասֆալտապատվում է:

«Անձամբ ես եմ միջնորդել տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որ ճանապարհի Վարդենիկ գյուղի հատվածն անցանելի լինի: Նախագիծն արդեն ընդգրկված է 2016թ. ծրագրում: Մենք փորձում էինք այս տարի նորոգել ճանապարհը, սակայն ձմեռը սկսվեց, եւ ասֆալտապատումը տեղափոխվեց մյուս տարի: Ինչ վերաբերում է այսօր կատարվող աշխատանքներին, ապա մենք ոչ թե ասֆալտապատում ենք, այլ փոսալցում ենք կատարում ճանապարհների վերանորոգման ընթացքում ավելացված ասֆալտի խտանյութի հումքով»,- ասաց մարզպետը:

Ռաֆիկ Գրիգորյանը հավաստիացրեց, որ այդ աշխատանքների վրա գումար չի ծախսվում բյուջեից:

Նշենք, որ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն: Այստեղից մեր թղթակցին հայտնեցին, որ այս պահին ճանապարհին մոտ 10-15 սմ ձյան շերտ կա, որի պայմաններում իրենք որեւէ աշխատանք չեն կարող կատարել:

«Մինչեւ գարուն չի լինելու շինարարությունը: Արդեն մեկ ամիս է, որ աշխատանքները դադարեցրել ենք»,- ասացին ընկերությունից: