Գեղարքունիքի մարզում, որտեղ նոյեմբերի 9-ից սկսել են տեղումները ձյան տեսքով, ավտոճանապարհները բաց են, նույնիսկ Սելիմի լեռնանցքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ նշելով, որ իրենց մարզը բոլոր առումներով պատրաստ է ձմռան գալուն:
«Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կուտակել են համապատասխան աղ եւ ավազ, եւ ամբողջովին պատրաստ են տեղումներին»,- ասաց մարզպետը:
Նա հայտնեց, որ մարզպետարանում նոյեմբերի 2-ին խորհրդակցություն է անցկացվել, որի ժամանակ դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների տնօրենները հայտարարել են, որ ջեռուցման հետ կապված խնդիր չունեն:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով՝ իրենք նույնպես պատրաստ են տեղումներին, համապատասխան քանակությամբ աղն ու ավազը կուտակել են:
«Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա դեռ հոկտեմբերին ենք հրահանգել, որ ձմռան նախապատրաստական աշխատանքները սկսեն: Դպրոցները ջեռուցվում են թե լոկալ համակարգով, թե գազի վառարաններով, թե էլեկտրաէներգիայով: Ցավոք սրտի, ունենք դպրոցներ, որոնք դեռ փայտով են ձեռուցվում»,- ասաց մարզպետը:
Հանրապետության ամենացուրտ մարզերից մյուսը՝ Շիրակը, նույնպես պատրաստ է ձմռան գալուն, թեեւ տեղումներ դեռ չկան:
«Տեղումներ են գրանցվել միայն Աշոցքի լեռներում, սակայն համայնքներում դեռ ձյուն չկա: Բայց մենք ամբողջովին պատրաստ ենք, դպրոցներն ու հիվանդանոցների ջեռուցումն էլ սկսել ենք»,- ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ երբ Հանրապետությունում ձյուն է տեղում, պարզվում է՝ ոչ բոլոր գերատեսչություններն են պատրաստ ձմռանը:





























