Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նախօրեին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը՝ նշելով, որ այրվել է կնոջ մարմնի մակերեսի 19 տոկոսը:

«Այրվել են կնոջ ոտքերն ու մի ձեռքը: Այս պահին գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Գիտակցություն ունի, սակայն շոկային վիճակում է»,- ասաց Նորայր Դավիդյանը:

Նշենք, որ կինը փորձել է հրկիզել նաեւ իր երկու մանկահասակ երեխաներին, սակայն, բարեբախտաբար, երեխաներին ոչինչ չի եղել:

Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց: