Reuters գործակալությունը նոյեմբերի 10-ին հետաքննություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ «Պուտինի դուստր» Կատերինա Տիխոնովան միլիարդավոր դոլարների արժողությամբ կարողություն ունի։ Նշենք, որ «Գազպրոմբանկի» կառավարման նախագահ Անդրեյ Ակիմովը Reuters-ի հետ զրույցում հայտնել էր, որ Տիխոնովան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրն է։

Reuters-ի տեղեկություններով 2015թ. 29-ամյա Տիխոնովան իրեն անվանում էր Կիրիլ Շամալովի կինը։ Վերջինս «Ռոսիա» բանկի համասեփականատեր Նիկոլայ Շամալովի որդին է։ Գործակալության գնահատականներով, որոնք տրամադրել են ֆինանսական վերլուծաբանները, Շամալովին ու Տիխոնովային են պատկանում մոտ 2 մլրդ դոլար արժողությամբ կորպորատիվ հոլդինգներ, հիմնականում դրանք Ռուսաստանի խոշորագույն նավթաքիմիական «ՍԻԲՈՒՐ» հոլդինգի բաժնեմասերն են, որոնք Շամալովը գնել էր Պուտինի մեկ այլ վաղեմի ընկեր Գենադի Տիմչենկոյից, փոխանցում է «Դոժդ»-ը։

Գործակալությունը վկայակոչում է փաստաթղթերը, որոնց համաձայն, 2007թ. սեպտեմբերին Տիմչենկոն եւ նրա կինը՝ Ելենան Երմակովան, տուն գնելու նպատակով Ֆրանսիայում գրանցել են SCI Atlantic ընկերությունը։ 2012թ. ընկերության բաժնեմասերը հանձնել են Շամալովին։ Գործարքի արժեքը հայտնի չէ։

Տիխոնովան եւ Շամալովը հրաժարվել են Reuters-ի հոդվածի համար մեկնաբանություն տալ։ Տիմչենկոյի ներկայացուցիչը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Դոժդ»-ի հետ զրույցում չի կարողացել հաստատել տեղեկություններն այն մասին, որ Կատերինա Տիխոնովան Պուտինի աղջիկն է։

Միաժամանակ Reuters-ը հայտարարել է, որ ունի «Գազպրոմբանկի» կառավարման նախագահ Անդրեյ Ակիմովի հետ խոսակցության ձայնագրությունը եւ բացառում է սխալի հնարավորությունը։

«Պարոն Ակիմովը Reuters-ի հետ զրուցել է ձայնագրության տակ։ Մենք կարծում ենք, որ նրա զրույցը շարադրելը միանգամայն կոռեկտ է»,- ՌԲԿ-ին հայտնել է Reuters-ի ներկայացուցիչը։  

Նշենք, որ նոյեմբերի 10-ին Reuters-ը հոդված էր հրապարակել, որում պնդում էր, որ «Գազպրոմբանկի» կառավարման նախագահ Անդրեյ Ակիմովը հաստատել է այն տեղեկությունները, որ Կատերինա Տիխոնովան, ով ղեկավարում է «Իննոպրակտիկա» նախագիծը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրն է։