«168 ժամ» շաբաթաթերթին հարցազրույց է տվել նախկին դեսպան, Ռուսաստանի դիվանագետների ասոցիացիայի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կազիմիրովը, ով 1992-96 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավարն էր, եւ Լեռնային Ղարաբաղի հարցերով՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչը: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:
Կարելի՞ է ենթադրել, որ եթե Դմիտրի Մեդվեդեւի՝ առաջիկայում Բաքու այցի ընթացքում Ադրբեջանը Ղարաբաղի հարցով չստանա իրեն բավարարող առաջարկներ, ապա կվերանայի ադրբեջանա-ռուսական հարաբերությունները՝ լուրջ փոփոխություններ անելով իր քաղաքական ուղղվածության մեջ՝ Ղարաբաղի հարցում փնտրելով իր կարծիքով ավելի արդյունավետ միջնորդի:
Ես չեմ հավատում այդ կտրուկ խոսակցություններին, քանի որ Ադրբեջանն ու Ռուսաստանը հարեւաններ են, որոնք օբյեկտիվորեն կարիք ունեն իրար հետ համագործակցության ամենատարբեր ոլորտներում: Եւ հետո, ՌԴ նախագահը Երեւան եւ Բաքու է մեկնում ոչ քննություն տալու եւ «քննողներին» բավարարելու համար: Միջնորդական դժվարին գործում հաջողության հասնելու երաշխիքը համբերատարությունն է եւ գլխավոր հարցում (հակամարտության խաղաղ կարգավորում) համառությունը, ինտելեկտուալ ճկունությունը, կոնկրետ դետալների մեջ հնարամտությունը: Այն քիչ բանը, որ ձեռք է բերվել այդ հակամարտության կարգավորման հարցում, ձեռք է բերվել կամ Ռուսաստանի շնորհիվ, կամ էլ նրա ակտիվ մասնակցությամբ:
Միեւնույն է, խնդիրը միջնորդների մեջ չէ, այլ կողմերի դիրքորոշումների: Պետք է քննադատել ոչ այնքան միջնորդներին կամ էլ միմյանց (ինչն արվում է նախանձելի պարբերականությամբ), այլ ավելի հաճախ ստուգել ինքներս մեզ՝ արդյոք, ամեն ի՞նչ ենք արել հենց մենք: Բանը դեռ դրան չի հասել, իսկ կողմերը կարող էին դասեր քաղել իրենց իսկ սխալներից:



























