ՀՀ մազրպետներն զգուշանում են դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ եթե անգամ հանրաքվեն չանցնի, դա մեծ անհաջուղություն չի լինի, թեեւ արդեն սկսել են ակտիվ քարոզչություն իրականացնել իրենց մարզերում:
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ոչ մի մտավախություն չունի, քանի որ ինչպես ինքն է պնդում, օրեցօր «Այո»-ի կողմնակիցներն իրենց մարզում ավելանում են:
«Քարոզչական խմբեր ենք ստեղծել, որոնք ըստ գրաֆիկի՝ ամեն օր լինում են տարբեր համայնքներում, աշխատում մարդկանց հետ, բացատրում սպասվող Սահմանադրության առավելությունները: Այս պահին վաղ է խոսել թվերի կամ արդյունքների մասին: Օրեցօր կողմ արտահայտվողների թիվն ավելանում է, երբ որ բացատրում ես, թե ինչ է տալիս նոր Սահմանադրությունը: Մենք մարդկանց բացատրում ենք, որ եթե Սահմանադրությունը չանցնի, դրանից անհաջողություն չի լինի»,- ասաց մարզպետը:
Նրա խոսքով՝ նախկինում գեղարքունիքցիները բողոքում էին Սահմանադրության այն դրույթներից, որոնք այսօր ներառված են Սահմանադրական փոփոխությունների նախագծում եւ լուծում են ստացել:
«Մենք մարդկանց անկեղծ բացատրում ենք, որ սխալ է սպասել, որ Սահմանադրությունը միանգամից բոլորի վրա դրական փոփոխություն կունենա»,- ասաց նա:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ի սկզբանե մտավախություն է ունեցել, որ մարզում պասիվություն կլինի, սակայն քարոզարշավի առաջին իսկ օրերին հասկացել է, որ մտավախությունն անտեղի է:
«Այսօր սակայն ժողովուրդը հասկանում է Սահմանադրական փոփոխությունների դրական կողմերը: Մինչեւ դեկտեմբերի 6-ը ժողովուրդն ավելի կակտիվանա, իսկ արդյունքների մասին կխոսենք դեկտեմբերի 7-ին»,- ասաց Արթուր Նալբանդյանը՝ նշելով, որ արդեն սկսվել են հանդիպումները համայնքներում:
Շիրակում, որտեղ իշխող Հանրապետական կուսակցությունը միշտ պարտվողի դերում է, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չի շտապում արդյունքների մասին կարծիք հայտնել. սպասում է դեկտեմբերի 6-ին:
«Շտաբի աշխատանքներն կոորդինացնում եմ ես, քարոզարշավ է իրականացվում թե հեռուստատեսային դեբատների, թե համայնքներում հանդիպումների ձեւաչափով: Այսօրվանից ավելի ակտիվ ենք սկսելու աշխատանքները: Այս պահին դեռեւս ակտիվության մասին չեմ կարող խոսել»,- ասաց նա:
Գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հարազատ մարզում՝ Արմավիրում, նույնպես ակտիվ քարոզարշավը մեկնարկել է: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խոսքով՝ ինքն է ղեկավարում շտաբը եւ աշխատանքները բնականոն հունով ընթանում են: Հիշեցնենք, որ գեներալները հայտարարել էին, որ իրենք նույնպես ակտիվ մասնակցելու են քարոզարշավին եւ մարդկանց բացատրելու են Սահմանադրական փոփոխությունների կարեւորությունը:
Հետաքրքիր պատկեր է «Այո» քարոզարշավի Վայոց ձորի շտաբում: Այստեղ Եղեգնաձորի քաղաքապետ, ԲՀԿ-ական Դավիթ Հարությունյանն է համակարգում քաղաքում ստեղծված շտաբի աշխատանքները:
«Մեր մարզում բավականին մեծ ակտիվություն կա, քննարկումներ են ընթանում համայնքներում: Կարծում եմ՝ Վայոց ձորում «Այո»-ն կհավաքի անհրաժեշտ ձայներ: Բնականաբար, «Ոչ»-ի կողմնակիցներ նույնպես կլինեն, իսկ վերջնական արդյունքների մասին կխոսենք հանրաքվեից հետո»,- ասաց Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:
Հիշեցնենք, որ «Այո»-ի կենտրոնական շտաբի ետը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է: Նա հոկտեմբերի 24-ին կայացած նիստում նշանակել է վեց տեղակալ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՏԿԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:
Մարզերում շտաբի ղեկավարներ են նշանակվել մարզպետները:





























