ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը վստահեցնում է, որ դեկտեմբերի 6-ին ՀՀԿ-ն որեւէ ընտրախախտում չի անելու, իսկ կանխելու են արջի ծառայություն մատոցելու դրսեւորումները:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին, թե ինչպե՞ս են պայքարելու ընտրակեղծիքների դեմ, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ որեւէ կողմի մասնակից չկարողանա արջի ծառայություններ մատուցելով ընտրախախտում կատարել: Լրատվամիջոցների ներկայացուցիչներն այս հարցում մեզ պետք է օգնեն: Վստահված անձանց համապատասխան առաջադրանքներ պիտի տրվեն: Պետք է բոլոր շտաբներում լինի այնպես, ինչպես որ մեր շտաբում է: Մեզ ասում են` եթե միջոցը մաքուր չէ, ուրեմն մեզ պետք չէ: Մենք շատ լավ գործ ենք նախատեսել եւ համոզված ենք, որ մեր ժողովուրդը պետք է «Այո» ասի»:

Գագիկ Մինասյանի խոսքով` իրենք ամեն ինչ անելու են, որ իրենց իսկ ճամբարի անպատասխանատու անձինք ստվեր չգցեն իրենց նախաձեռնած «լավ գործի» վրա:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին: Փոփոխություններով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին եւ 100-տոկոսանոց համամասնական համակարգին: