Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը մահացած ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Բոյաջյանը ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությամբ ենթակա չէր վաղաժամ ազատ արձակման:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Բոյաջյանը երկու անգամ փորձաքննության է ենթարկվել:
«ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի՝ 18.07.2014թ-ին տրված եզրակացությամբ՝ Կ. Բոյաջյանը կարիք ունի հսկողության և բուժման ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: Նույն օրը Բոյաջյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և ստացել համապատասխան բուժում»,- ասացին ՔԿՎ հանրային կապերի բաժնից՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Բոյաջյանը հիվանդության հիմքով պետք է ազատ արձակվեր:
Հիշեցնենք, որ Կ. Բոյաջյանը 17.03.1992թ. ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի կողմից դատապարտվել էր մահապատժի, իսկ 01.08.2003թ. այն փոխարինվել էր ցմահ ազատազրկման:
Կարեն Բոյաջյանին առավելագույն պատիժ էր նշանակվել անչափահաս Վ. Հ.-ին կացնահարելու և առանձնակի դաժանությամբ սպանելու համար:





























