Տարիներ առաջ կառավարությունն անընդհատ օգտագործում էր «տարբերակում» եզրույթը՝ այն իմաստով, որ անհրաժեշտ է ընդլայնել արտահանվող ապրանքների տեսականին: Այդ տարիներից ի վեր շատ ջրեր են հոսել, բայց մեր արտահանումը նախկինի պես կախված է հաշված ապրանքներից, այդ թվում՝ կոնյակից: Ընդ որում, այս խմիչքի արտահանման աշխարհագրությունը նույնպես մեծ չէ: Իսկ երբ Ռուսաստանում ճգնաժամ սկսվեց, կոնյակի արտահանումը (սրանից ելնելով՝ նաեւ արտադրությունը) կտրուկ կրճատվեց:
Հաճախ աշխատանքային միգրացիան հավասարեցնում են արտահանմանը: Հայտնի է, որ դեռեւս խորհրդային տարիներին, այսպես կոչված, «խոպանչիների» խմբերը Ռուսաստան էին մեկնում՝ սեզոնային աշխատանքի: Այս «ավանդույթը» շարունակվեց նաեւ ԽՍՀՄ փլուզումից հետո, բայց ավելի մեծ ծավալներով: Նշենք, որ դրամական փոխանցումների զգալի մասը (տարեկան երկու անգամ՝ ավելի քան 85%) մեր երկիր է գալիս նույն Ռուսաստանից:
Դրամական փոխանցումները վաղուց դարձել են մեր տնտեսության զարգացման զգալի գործոններից մեկը: Բարձրացնելով բնակչության ընդհանուր վճարունակությունը՝ այդ գումարները խթանում էին ձեռներեցության զարգացումը, միաժամանակ, լինելով արտարժույթի (հիմնականում՝ դոլարի) կարեւորագույն աղբյուրներից, ներկրման կտրուկ ավելացման խթան հանդիսացան:
Ընդ որում, հայրենական ներկրողները հաճախ ներմուծում էին այն, ինչը կարելի էր արտադրել (կամ նախկինում արտադրվում էր) մեր երկրում: Արդյունքում հետաքրքիր պատկեր ստեղծվեց. օտարության մեջ մեծ դժվարության վաստակած գումարները դյուրությամբ արտասահման էին հոսում՝ եկամուտ բերելով չինական կամ թուրքական ընկերություններին:
Դրամական փոխանցումների ռեկորդ սահմանվեց 2013 թվականին, երբ դրանց ընդհանուր գումարը հասավ 1.87 մլրդ դոլարի: Միաժամանակ, այդ ընթացքում արտահանումը կազմում էր 1.5 մլրդ դոլարից պակաս:
Ռուսաստանի տնտեսությունում նշված ճգնաժամը, երկիր միգրանտների մուտքի եւ կեցության կանոնների խստացումը հանգեցրին օրինաչափ արդյունքի՝ «ռուսական» դրամական փոխանցումների անկման: Իհարկե, անկումը դեռեւս աղետալի չափերի չի հասել (եթե համեմատենք 2009-2010 թվականների ցուցանիշների հետ): Սակայն ապագան անհայտ է: Այնպես որ՝ հաշվի առնելով, որ աշխատուժի «արտահանման» աշխարհագրությունը տարբերակված չէ, մնում է մեկ բան. աղոթել Աստծուն, որպեսզի Ռուսաստանում ճգնաժամը հնարավորինս արագ անցնի:
Գրաֆիկում ներկայացված է 2007-2015 թվականների հունվար-սեպտեմբերի դրամական փոխանցումների դինամիկան:






























