Հայաստանում հասարակական «օբյեկտներն» արդեն մի քանի ամիս է, ինչ մնում են առանց հակահրդեհային վերահսկողության։
Հիշեցնենք, որ Կառավարության՝ հուլիսի 30-ի 839 – Ա որոշման համաձայն, օբյեկտներում, այդ թվում՝ հանրային սննդի կետերում դադարեցվել են ստուգումները։ Որոշումը դեռեւս ուժի մեջ է մինչեւ 2016թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածը։ Իսկ թե ինչպիսին կլինի հետագա որոշումը, դեռեւս պարզ չէ։
«Չեղարկված» ստուգումների թվում են հասարակական զվարճանքի եւ սննդի օբյեկտներում հակահրդեհային վերահսկողության միջոցները։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՏԿԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանը հայտնեց, որ տեսչությունը պատրաստ է սկսել հակահրդեհային զտուգումները հենց որ լինի կառավարության համապատասխան որոշումը։ «Դեռեւս համապատասխան հակահրդեհային ստուգումներ են անցկացվում միայն գազալցակայաններում»,- նշեց Սերգեյ Հայրապետյանը։
Անցյալ տարիների վիճակագրության համաձայն՝ 2012թ.-ից մինչ օրս հասարական օբյեկտներում՝ ռեստորաններում, բարերում, ակումբներում, մանկական սրճարաններում, գրանցվել է հրդեհման 43 դեպք, տուժել է 2 մարդ։
Հայրապետյանի խոսքով՝ բռնկումների հիմնական պատճառը, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում, վնասված լարերն են, կարճ միացումները։ Ստուգումներն անցկացվում են սահմանված նորմատիվներին եւ պահանջներին համապատասխան։ Այսինքն՝ օբյեկտում պետք է լինի կրակմարիչ, պահեստային ելքեր։ «Ոչինչ չի կարելի բացառել, բայց վերջին տարիներին հազվադեպ է հանդիպել այնպիսի խախտում, ինչպիսին պահեստային ելքի բացակայությունն է։ Այլ հարց է, որ այդ ելքը կարող է փակ լինել»,- նշեց Հայրապետյանը։





























