2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ ամուսնու կողմից սպանված Դիանա Նահապետյանի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը Համալիր հանձնաժողովային կրկնակի փորձաքննության արդյունքները օբյեկտիվ չի համարում։ NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ փորձաքննության եզրակացությամբ ասվում է, որ դանակի 21 հարվածով կնոջը սպանած Վոլոդյա Մուրադյանը սպանության պահին եղել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում եւ դա դատական փորձագետ Էլդա Գրինի՝ 2015թ. ապրիլին տված փորձաքննության եզրակացության կրկնությունն է:
«Նախարարի կողմից հանձնաժողով էր կազմվել, որպեսզի կրկնակի փորձաքննություն անցկացվեր ու նորից Էլդա Գրինի փորձաքննության եզրակացության կրկնությունը ներկայացվեց այսօր դատարանում։ Գործով արդեն կա 3 եզրակացություն, հիմա սպասելու ենք դատարանի գնահատականին, տեսնենք, թե որ եզրակացությանը արժանահավատություն կտա։ Էական է նաեւ մեղադրողի դիրքորոշումը, քանի որ հնարավոր է, որ մեղադրանքը փոփոխվի»,-ասաց Նարինե Մկրտչյանը։
Նշենք, որ Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, մեղադրվում է 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ կնոջը սպանելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ սկզբում ծաղկամանով հարված է հասցրել կնոջ գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ է տվել խոհանոց եւ դանակի 21 հարված հասցրել Դիանային՝ 14-ամյա եւ 17-ամյա դուստրերի աչքի առջեւ:
Հիշեցնենք, որ Դիանայի գործի լուսաբանմամբ եւ դեպքի ընթացքի հետեւողականությամբ զբաղվում է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի Արագ Արձագանքման Խումբը 2012 թ.-ի դեկտեմբերից եւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան:





























