ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը, որը պատգամավոր դարձավ Կապանից մեծամասնական պատգամավոր Վահե Հակոբյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո, կարծում է, որ Սյունիքի մարզում իշխանության օգտին բարձր քվեարկությունը պայմանավորված է ոչ թե մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործոնով, այլ սյունեցիների իշխանամետ լինելու։ Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում։
Պարոն Կարապետյան, Սյունիքի մարզում նախորդ համապետական ընտրությունների ժամանակ եւ ընդհանրապես իշխանության օգտին մշտապես բարձր ցուցանիշներ են արձանագրվում։ Դա ինչո՞վ է պայմանավորված։
Սյունեցիներն ընդհանրապես իշխանամետ են, մասնակցում են շատ ակտիվ, ես այդ ակտիվությունը պայմանավորում եմ դրանով։ Իշխանամետ են, իշխանության կողմից որեւէ օգտակար բարեփոխումներին, խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ ընտրություններին ակտիվությունը շատ բարձր է։ Բայց այնպես չէ, որ մյուս մարզերից շատ է տարբերվում։
Ուզում են այս իշխանությունները շարունակեն ղեկավարե՞լ։
Ոչ թե ուզում են, ընդհանրապես իրենք կողմնորոշվում են այդ կարգով՝ մտածելով, որ ապագայում շատ լավ կլինի։ Օրինակ, սահմանադրության մասով, մտածում են որ այն ընդունելուց հետո հետագայում իրենց սերունդները, իրենք էլ ապրելով՝ կարող են որեւէ փոփոխություն մտցնել այս իշխանության մեջ։ Որովհետեւ էսօր եթե գտնում ես՝ էնքան էլ լավ չի, մտածում են՝ կարելի է փոխել կառավարման տեսակը եւ նոր քաղաքական դիրք շնորհել ղեկավարման մեջ։
Իսկ եթե Սյունիքի մարզպետը չլինի Սուրիկ Խաչատրյանը, սյունեցիները դարձյա՞լ նույն ակտիվությամբ կքվեարկեն իշխանության օգտին։
Էս վերջին 25 տարում միշտ մասնակցել եմ ընտրությունների, տարբեր մարզպետներ ենք ունեցել, կարելի է ասել՝ բոլոր մարզպետների ընթացքում սյունեցիները այդպիսի ակտիվություն ունեցել են, իշխանամետ են իրենք։ Այստեղ ճնշումների խնդիր, վարչական լծակների օգտագործում չկա։
25 տարի գո՞հ են իշխանություններից։
Ոչ, չէի ասի՝ գոհ են, եթե ինքը իշխանամետ է, դա չի նշանակում, որ իշխանությունից շատ գոհ է։ Ինքը հասկանում է, որ եթե էսօր իշխանությունը այնքան էլ լավ չի, կան օբյեկտիվ պատճառներ։
Իշխանամետ են եւ դժգո՞հ իշխանություններից։
Գիտեք ինչ, մեր այսօրվա իշխանությունները չեն թաքցրել իրենց թերացած աշխատանքները, պարզ անկեղծ ներկայացնում են, հատկապես այսօրվա գործող վարչապետը ավելի մասսայական է, պարզ անկեղծ ներկայացնում է․․․
Որ չի կարող...
Ոչ թե չի կարող, այլ ինչու մյուս տարի թոշակներն ու աշխատավարձները չեն բարձրանալու, այնպես որ մեր այսօրվա իշխանությունը չի թաքցնում, չի գովում այսօրվա պայմանները, ուղղակի ցանկանում է, որ լավ ապագա ունենան։
Վերջին ընտրություններում Սյունիքում բարձր ցուցանիշներ էին իշխանության օգտին, ինչո՞ւ։
Ես ասացի՝ այո, իշխանամետ են, իշխանության ավելի մոտիկ են, այսպիսի մի խոսք կար Խորհրդային իշխանության ժամանակ, որ մի օրենք հրապարակվում էր, արդեն հաջորդ օրն այդ օրենքը կիրառվում էր Սյունիքում, էսպիսի խոսք կար։
Հանրաքվեին ինչպե՞ս են տրամադրված։
Իհարկե ավելի շատ «այո» կասեն, դա հաստատ է, ես ասում եմ։ Ես որ գնացի Սյունիք, զգացի։ Էսօր սյունեցիները սպասում են, որ ավելի մանրամասն բացատրվի քարոզչության ընթացքում, թե ինչու է սահմանադրական բարեփոխումներ լինում, ինչ նպատակ ունի ու դրա դրական կողմերը։
Սուրիկ Խաչատրյանը կկարողանա՞ սահմանադրության նախագիծը ներկայացնել ընտրողներին, բացատրել։
Սուրիկ Խաչատրյանը համարվում է մարզային շտաբի պետ, նա չի հասցնի ցանկացած համայնքներով ներկայացնի։ Կան մարդիկ ենթաշտաբեր, որտեղ քարոզչական խմբեր են ստեղծվել, իրենք կներկայացնեն, պետք եղած ժամանակ, վարչապետն ասել է, որ կան էստեղ առանձին քարոզչական խմբեր, ովքեր կարող են գալ բացատրել ժողովրդին։
Զրուցեց Գայանե Սարիբեկյանը





























