Ղարաբաղյան հակամարտության նշանակությունը միջազգային հարաբերություններում մեծացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել մի քանի շրջանների, ինչի շնորհիվ հույս ունի ստանալ ԵՏՄ-ին անդամակցելու Բաքվի համաձայնությունը, քաղաքագետը նշեց. «Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը ոչինչ չի կարող միայնակ առաջարկել: Եվ դժվար թե այդ առաջարկը որեւէ մեկին դուր գա»:

Այն, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովը հավանության է արժանացրել ադրբեջանամետ զեկույցը, ըստ Մանվել Սարգսյանի, խոսում է այն մասին, որ ստեղծված նոր իրավիճակում, երբ Ռուսաստանը փաստացի Սիրիա է մտել, քաղաքական մեծ տեղաշարժեր են  տեղի ունենում: «Եվ միջազգային թատերաբեմի ցանկացած խաղացող փորձում է օգտագործել այդ տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր գործոնները, այդ թվում՝ տարածքային հակամարտությունները, որպեսզի նոր հարաբերություններ ստեղծի: Այն, ինչ Ռուսաստանն անում է սեպտեմբերի 30-ից ի վեր, կապված է հենց սիրիական արշավի հետ»,- ընդգծեց քաղաքագետը:

Հարցին, ինչպե՞ս են ցանկանում ղարաբաղյան հակամարտությունը ներգրավել այդ գործընթացներում, Մանվել Սարգսյանը պատասխանեց, որ դեռեւս վաղ է այդ մասին խոսեել, քանի որ պաշտոնական տեղեկատվություն չկա: «Ռուսաստանը փաստացի փորձում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ նոր հարաբերություններ կառուցել, որոնք կնպաստեն նրա նոր քաղաքականությանը»,- ամփոփեց քաղաքագետը: