Երեւանի «Աստորիա» հյուրանոցում նոյեմբերի 11-ին մահացած հայտնաբերված  թատերագետ Լեւոն Մութաֆյանը արյան ճնշման խնդիր ուներ։ Այս մասին NEWS.am-ին ասաց մահացածի դուստրը՝ Անահիտ Մութաֆյանը։

«Սրտից, ճնշման տատանումից բողոքում էր, դեղ չէր օգտագործում, բժշկի դիմելուց էլ հրաժարվում էր։ Բացի այդ՝մի քանի օր անընդհատ կլիման փոխեց, գնաց Կապան, ապա Վրաստան»,- ասաց աղջիկը։

Անահիտ Մութաֆյանը նշեց, որ դեպքի օրն առավոտյան են զրուցել հոր հետ, հետո օրվա ընթացքում զանգահարել են, չի պատասխանել, ապա անհասանելի է դարձել։ Մահվան մասին ընտանիքը իմացել է լրատվամիջոցներից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Լեւոն Մութաֆյանի դին։

Նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: