ՌԴ-ում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացած 50-ամյա Ֆրիդա Ստեփանյանը Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղից է, ՌԴ էր գնացել մի քանի ամիս առաջ՝ միակ որդու ընտանիքին տեսակցելու: Այս մասին NEWS.am-ին ասաց Ձիթհանքովի գյուղապետ Հովիկ Պողոսյանը:
Գյուղապետը նշեց, որ Ֆրիդա Ստեփանյանը ՌԴ-ում տղայի ընտանիքից բացի այլ հարազատներ նույնպես ունի, վթարի ժամանակ եղել է եղբոր տղայի ավտոմեքենայով, մեքենայում եղել է նաեւ նրա հարսը:
«Նրանց վիճակը լավ է, հիմա քննարկվում է մահացածի մարմինը Հայաստան բերելու հարցը»,- նշեց գյուղապետը:
Ֆրիդա Ստեփանյանի ամուսինը մահացած է, նրան կհուղարավորեն ամուսնու կողքին՝ հայրենի գյուղում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 16:41-ի սահմանում, Սարատով-Երշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում «ՎԱԶ-21010» եւ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաները բախվել են, ինչի հետեւանքով 1965 թ. ծնված Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է:
Պատահարի հետեւանքով տուժածներ` 1975 թ. ծնված Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 1954 թ. ծնված Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը եւ 1954 թ. ծնված Վարդիթեր Պետրոսի Պալյանը հոսպիտալացվել են Սարատով քաղաքի ԲԿ, որտեղ Հասմիկ Ամբարդանյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել: Կարապետ Ամբարդանյանի եւ Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:





























