Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նոյեմբերի 10-ին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխեն հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոնի» ղեկավար Նորայր Դավիդյանը՝ նշելով, որ կինը խորը այրվածքներ չունի եւ արդեն ապաքինվում է:
Նշենք, որ կինը փորձել է հրկիզել նաեւ իր երկու մանկահասակ երեխաներին, սակայն, բարեբախտաբար, երեխաներին ոչինչ չի եղել:
Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց:
Լուսինե Ս.-ն, մեր տեղեկություններով, որպես հավաքարար է աշխատում Երեւանի քոլեջներից մեկում:





























