Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումն ուղղված է  նրա քաղաքական եւ քարոզչական գործունեությունը սահմանափակելուն եւ խոչընդոտելուն: Այս մասին հայտարարություն է տարածել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհուրդը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը պատահականություն չի համարում «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը, որն իրականացվում է դեռեւս ս.թ. փետրվարի 18-ին վարչախմբի պատվերով հարուցված շինծու քրեական գործի շրջանակներում:

Ս.թ. մայիսի 4-ից հետո, երբ կալանավորման փոխարեն որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությամբ մեկամսյա ապօրինի կալանքից ազատ արձակվեցին այդ քրեական գործով հետապնդվող Ժիրայր Սէֆիլյանը եւ նրա գործընկերները, նշված գործով ամիսներ շարունակ ըստ էության դատավարական գործողություններ չեն կատարվել:

Սակայն այդ շինծու գործի վարույթը չի կարճվում, որպեսզի դրա միջոցով հնարավոր լինի ճնշում գործադրել Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա գործընկերների վրա եւ սահմանափակել ու խոչընդոտել նրանց քաղաքական եւ քարոզչական գործունեությունը:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հայտարարում է, որ վարչախմբի պատվերով հարուցված քրեական գործը չկարճելը եւ դրա միջոցով «Ընդդիմության միասնական շտաբի»-ի պետ Ժիրայր Սէֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդման սաստկացումը ոչ միայն հանրաքվեի քարոզչության ամենակարեւոր եւ թեժ շրջանում Ճակատի քաղաքական ու քարոզչական գործունեությունը խոչընդոտող եւ սահմանափակող ապօրինություն է, այլեւ արդեն միջազգային հանրության համար է տեսանելի դարձնում սահմանադրական փոփոխությունների եւ դրա հանրաքվեի գործընթացի  լեգիտիմ չլինելու հանգամանքը: