Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն այսօր ավարտել է «Երկարաձգվող ֆինանսավորման» եռամյա ծրագրի (անգլ.՝ EFF) շրջանակում Հայաստանի կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը: Ավարտը տալիս է 11.74 միլիոն փոխառության հատուկ իրավունք (ՓՀԻ) (շուրջ 16.3 միլիոն ԱՄՆ դոլար) տրամադրելու հնարավորություն՝ ծրագրի շրջանակում ընդհանուր հատկացումները հասցնելով 35.22 միլիոն ՓՀԻ-ի (շուրջ 48.9 միլիոն ԱՄՆ դոլարի): 82.21 միլիոն ՓՀԻ (շուրջ 114.1 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով երկարաձգվող սույն ծրագիրը հաստատվել է 2014 թ. մարտի 7-ին:
Ավարտելով ամփոփիչ ստուգումը՝ Գործադիր խորհուրդը հավանություն է տվել նաեւ իշխանությունների՝ ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) զուտ միջազգային պահուստների (ԶՄՊ), զուտ ներքին ակտիվների (ԶՆԱ) եւ բյուջեի պակասուրդի 2015 թ. հունիսի վերջի կատարողական չափորոշիչների (ԿՉ) չկատարման, ինչպես նաեւ իշխանությունների կողմից բազմարժութային պրակտիկայի (ԲԱՊ) չսահմանման կամ փոփոխման վերաբերյալ ԿՉ ժամանակավոր չկատարման համար բացառություն անելու դիմումին: Միաժամանակ, իշխանությունների կողմից իրականացված քաղաքականության գործողություններն օգնել են կանխել հավանական անկանոն ճշգրտումն ու ապահովել կայունություն եւ տնտեսական աճ:
Գործադիր խորհրդի կողմից Հայաստանի վերաբերյալ քննարկումից հետո Կառավարիչ տնօրենի տեղակալ եւ նախագահողի պաշտոնակատար պրն. Միցուհիո Ֆուրուսավան ասաց.
«Ծրագրի շրջանակում Հայաստանի կատարողականի վրա բացասաբար են անդրադարձել սպասվածից թույլ արտաքին պայմանները եւ ծրագրի քաղաքականություններից որոշ շեղումները: Իշխանությունների կողմից քաղաքականության միջոցով արձագանքն օգնեց մեղմել ցնցումների սկզբնական ազդեցությունները, սակայն դժվարին հեռանկարը պահպանվում է: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող ծրագրի նպատակների կատարման, բուֆերների եւ քաղաքականության համար հնարավորությունների վերաստեղծման եւ Հայաստանի աճի ներուժին զարկ տալու համար անհրաժեշտ կլինի հաստատակամորեն իրականացնել համաձայնեցված միջոցառումները:
«Առաջիկայում կկարեւորվի վերադարձը փոխարժեքի ավելի մեծ ճկունությանը եւ միջամտությունների սահմանափակումը՝ բուֆերները պահպանելու եւ ամրապնդելու եւ արտաքին ճշգրտմանն օժանդակելու համար: Դրամավարկային քաղաքականությունը պետք է ուշիուշով ճշգրտվի՝ գների կայունությունը պահպանելու համար: Դրամավարկային պայմանների բնականոնության աստիճանական վերականգնման միջոցով 2014 թ. սահմանված արտակարգ միջոցառումների դադարեցումը կօժանդակի նաեւ բանկային վարկավորման եւ աճի վերականգնմանը: Հասարակության, գործարար համայնքի եւ այլ շահագրգիռ կողմերի հետ քաղաքականության առանցքային ուղղությունների վերաբերյալ հաղորդակցության կատարելագործումը կկարեւորվի քաղաքականության արձագանքների շուրջ համաձայնություն ձեւավորելու համար:
«Ակտիվությանն օժանդակելու համար հարկաբյուջետային պայմանների թուլացման ժամանակահատվածից հետո պարտքի կայունությունն ապահովելու համար անհրաժեշտ կլինի հարկաբյուջետային կոնսոլիդացում: Ճշգրտումը պետք է շեշտադրի եկամուտների ավելացումը՝ կապիտալ ու սոցիալական ծախսերը պաշտպանելու եւ միջնաժամկետ հատվածում աճը սատարելու համար: Նոր հարկային օրենսգիրքը տալիս է հարկման բազան ընդլայնելու հնարավորություն՝ վերացնելով արտոնությունները եւ անդրադառնալով բացերին եւ ըստ այդմ օժանդակելով ինչպես կոնսոլիդացմանն, այնպես էլ աճը խթանող ծախսերին:
«Բանկային համակարգը մնում է կայուն, իսկ ճգնաժամերի պատրաստվածության եւ կառավարման ծրագրերի ուժեղացումը ֆինանսական համակարգը կդարձնի ավելի կուռ: Էլեկտրաէներգետիկ ոլորտում ֆինանսական առողջացման ծրագրերի ներդրումը եւ մրցակցության, մրցունակության եւ տարածաշրջանային եւ համաշխարհային ինտեգրման բարելավմանն ուղղված կառուցվածքային բարեփոխումները շարունակում են կարեւորագույն նշանակություն ունենալ խոցելիությունների կրճատման եւ լայնահեն աճը սատարելու համար»:





























