Քաղաքացի Մերուժան Պ.-ն, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության մասին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները իրեն եւ որդուն տարել են հիշյալ վարչություն, որտեղ հոգեբանական ճնշում գործադրելու եւ որդու հասցեին սպառնալիքներ հնչեցնելու միջոցով պահանջել են հաղորդում, ապա բացատրություն տալ՝ որդու վերաբերյալ քրեական գործով քննիչին կաշառք տալու վերաբերյալ, ինչից վախեցել է եւ նրանց թելադրանքով տվել հանցագործության մասին հաղորդում:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Մերուժան Պ.-ի հաղորդման մեջ նշված հանգամանքները չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ ՀՀ ոստիկանության հիշյալ վարչության ծառայողները նրա նկատմամբ հոգեբանական ճնշում չեն գործադրել, սպառնալիքներ չեն տվել, այլ նա քննիչին կաշառք տալու վերաբերյալ իրեն հայտնի հանգամանքները անձամբ շարադրել է հաղորդման մեջ՝ նշելով այնպիսի տեղեկություններ, որոնք ոստիկանության ծառայողներին հայտնի չեն եղել եւ չէին կարող լինել:
Հիշեցնենք, որ Մերուժան Պ.-ի` ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տված նույն հաղորդման հիման վրա` Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության էին առնվել նրա հաղորդման մեջ նշված բոլոր հանգամանքները, կատարվել էին բազմաթիվ քննչական գործողություններ: Արդյունքում կաշառք ստանալու համար քննիչին, իսկ կաշառք տալու համար` Մերուժան Պ.-ին մեղադրանք էր առաջադրվել:
Այնուհետեւ մեղադրական եզրակացության կազմմամբ դատարան ուղարկված հիշյալ քրեական գործի դատաքննության ընթացքում Մերուժան Պ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարած արարքի համար եւ որեւէ հայտարարություն չի կատարել այն մասին, թե սպառնալիքի եւ վախի մթնոլորտում ոստիկանության ծառայողներն իրեն, իբր, ստիպել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնել քննիչի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչը մեղավոր է ճանաչվել կաշառք ստանալու արարքում եւ դատապարտվել ազատազրկման, իսկ Մերուժան Պ.-ն մեղավոր է ճանաչվել կաշառք տալու արարքում` դատապարտվելով տուգանքի:
Այսինքն` Մերուժան Պ.-ն գիտակցելով, որ քննիչին կաշառք տալու վերաբերյալ իր հայտնած տեղեկություններն իրականում համապատասխանում են իրականությանը` անհիմն մեղադրել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողներին:
Մերուժան Պ.-ի կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, իսկ ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել եւ քրեական գործով վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Նախաքննությունը շարունակվում է:





























