Ավագ դպրոցի բարեփոխման ծրագրից մենք երբեք չենք հրաժարվելու, 12-ամյա կրթության ծրագիրը հետընթաց չունի՝ սա միանշանակ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, մի խումբ գյումրեցի դպրոցականների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այդ աշակերտները համագործակցում են Վորդ Վիժեն կազմակերպության հետ:

Անդրադառնալով  ավագ դպրոցների եւ 12-ամյա կրթության վերաբերյալ հարցին՝ նախարարն ընդգծել է, որ այդ  բարեփոխումը եվրոպական կրթական տարածք միասնական ստանդարտ է, որն ընդունվել է նաեւ Հայաստանում. «Եթե դուք ուզում եք մասնագետ դառնալ եվրոպական կրթական տարածքում, եթե ուզում եք, որ ձեր կրթական փաստաթղթերն ընդունվեն այդ տարածքում, ուրեմն պետք է հասկանանք, որ ավագ դպրոցի  բարեփոխումն առաջին հերթին ձեզ էր անհրաժեշտ:  Այդ ստանդարտը Հայաստանում չի ստեղծվել. մենք, լինելով եվրոպական կրթական տարածքի անդամ երկիր,  միացել ենք այդ ստանդարտին, որը ճիշտ որոշում է: Այլ հարց, որ ավագ դպրոցի բարեփոխման ծրագիրը դեռեւս չի գոհացնում ոչ մեզ, ոչ էլ հասարակությանը:

Ավագ դպրոցի ծրագրին անցում կատարելու որոշումը կայացվել է Հայաստանի տնտեսության  երկնիշ աճի պայմաններում: Ցավոք՝ ռեֆորմի իրականացման առաջին տարիները համընկան համաշխարհային տնտեսական ճգնաժամի  տարիներին եւ պետությունը չկարողացավ ավագ դպրոցներին հատկացնել  ցանկալի  միջոցներ: 2008 թվականին  փորձնական բացվեցին առաջին ավագ դպրոցները, իսկ մեկ տարի անց ծրագիրն ամբողջությամբ ներդրվեց: Մենք ստացել էինք շենքային  վատ պայմաններով դպրոցներ՝ սակայն ֆինանսավորման պայմաններում:  Մենք անցել ենք դժվարին ու ծանր ճանապարհ եւ այսօր ասել, թե ավագ դպրոցները կայացած են՝ ճիշտ չի լինի: Բայց նաեւ փաստ է, որ մենք ունենք կայացած եւ  լավ արդյունքներ ունեցող ավագ դպրոցներ եւ դա արձանագրված է նաեւ միջազգային տարբեր գնահատականներում: Ավագ դպրոցի բարեփոխման ծրագրից մենք երբեք չենք հրաժարվելու, 12-ամյա կրթության ծրագիրը հետընթաց չունի՝ սա միանշանակ է»,- ասել է ՀՀ ԿԳ նախարարը եւ հավելել, որ օրերս Փարիզում տեղի է ունեցել աշխարհի կրթության նախարարների հանդիպումը, որտեղ քննարկվել են համաշխարհային կրթության զարգացման հեռանկարները.

«Այդ հանդիպման ժամանակ որոշվել է, որ մինչեւ 2030 թվականը բոլոր երկրներում պետք  է անցում  կատարվի 12-ամյա կրթության, որից առնվազն  9-ամյա կրթությունը պետք է  լինի պարտադիր: Այսինքն՝ աշխարհն այսօր ուզում է անել մի քայլ, որը մենք արել ենք դեռեւս 15 տարի առաջ, իսկ մենք արդեն Հայաստանում սահմանել ենք 12-ամյա պարտադիր կրթության շեմ: Նույն փարիզյան հանդիպման ժամանակ որոշվել է նաեւ անցում կատարել համընդհանուր ներառականության, մի բան, որը նույնպես Հայաստանում  արդեն արվել է:  Ես այս ամենի մասին ձեզ պատմում եմ, որպեսզի հասկանաք, որ մեր կրթական համակարգն  առաջ է գնում ճիշտ ճանապարհով»,- նշել է նախարարը:

Աշակերտներն  Ա. Աշոտյանին հարցեր են ուղղել նաեւ Գյումրիում գործող բուհերի վերամիավորման, դպրոցների շենքային պայմանների ու վերակազմավորման, կրթության ընդհանուր որակի եւ  դասապրոցեսները նոր՝ ժամանակակից մեթոդներով կազմակերպելու վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել Վորդ Վիժեն կազմակերպությանը՝ հանդիպումը կազմակերպելու, ինչպես նաեւ աշակերտներին ակտիվություն եւ նախաձեռնողականություն ցուցաբերելու համար: