ԿԳ նախարարությունը հիմա կանգնած է կրթական ծրագրերի վերանայման անհրաժեշտության առջեւ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, մի խումբ գյումրեցի դպրոցականների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այդ աշակերտները համագործակցում են Վորդ Վիժեն կազմակերպության հետ:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշակերտներից մեկը հարց է բարձրացրել, որ օրինակ՝ Ֆիզիկայի 10-րդ դասարանի դասագրքում կան բանաձեւեր, որոնք սովերելու համար անհրաժեշտ է մաթեմատիկայից տիրապետել ածանցյալ թեմային, մինչդեռ ածանցյալը ընդգրկված է մաթեմատիկայի 11-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ծրագրում: Նշելով, որ խնդիրն ընդունելի է, նախարարը ներկայացրել է դասագրքերի հրատարակման ընթացակարգը:
Ա. Աշոտյանի պարզաբանմամբ՝ դասագրքերը հրատարկվում են մրցութային կարգով՝ հեղինակները ընտրվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից, բացի այդ մինչ հրատարկվելը դրանք նաեւ մասնագիտական կարծիքի եւ դիտողությունների համար ուղարկվում են բոլոր դպրոցներին. «Ամեն դեպքում Ձեր բարձրացրած հարցը վերաբերում է միջառարկայական կապերի համադրելիությանը, որը մասնագիտական քննարկման խնդիր է: Բարձրացված խնդիրները նկատի ունենալով, մենք հիմա կանգնած ենք կրթական ծրագրերի վերանայման անհրաժեշտության առջեւ:
Վստահ եղեք, որ եթե անգամ մենք Ձեր մատնանշած բոլոր խնդիրները հաշվի առնենք, միեւնույն է, անպայման կլինեն մարդիկ, ովքեր կդժգոհեն նոր դասագրքերից: Մասնագիտական հանրույթը Հայաստանում միատարր չէ, չկա որեւէ հարց, որի վերաբերյալ մասնագետները համակարծիք են: ԿԳՆ-ն փորձում է լսել բոլոր կարծիքները եւ գտնել մասնագիտական կոմպրոմիսի, ոսկե միջինի տարբերակը»,- նշել է Ա. Աշոտյանը եւ հավելել, որ անկախ ներկայացված խնդիրներից՝ չկա այնպիսի հանգամանք, որը կարող է իրական խոչընդոտ հանդիսանալ աշակերտի բարձր առաջադիմության համար:





























