Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի համարում փոխհատուցել Խնայբանկի ավանդները ժառանգության իրավունքով: Այս մասին ասված է օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունում, որը ներկայացրել են ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանը եւ Հովհաննես Մարգարյանը:
Ավելի վաղ ՕԵԿ-ը այդ հարցը բարձրացրել էր խորհրդարանում՝ հայտարարելով, որ շատ տարեց ավանդատուներ, որոնք գտնվում են փոխհատուցում ստանալու հերթում, հնարավոր է մինչ իրենց հերթը հասնելը մահանան:
Կառավարության եզրակացությունում նշվում է, որ ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցումը ոչ այնքան փոխհատուցում է, որքան սոցիալական օգնություն այն ավանդատուներին, որոնք սոցիալապես ապահովված չեն: Իսկ օգնությունը կրում է հասցեական բնույթ եւ չի կարող վերաբերել որեւէ մեկին՝ բացառությամբ ավանդատուի:





























