Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղում այսօր՝ նոյեմբերի 12-ին, ուժեղ քամին քշել է շուրջ 30-40 տան տանիք, ջարդել տան լուսամուները, ծառերը կոտրել եւ գցել գազի խողովակների վրա, որի հետեւանքով դրանք վնասվել են: NEWS.am-ի հետ զրույցում Վարդենուտի գյուղապետ Կամո Սահակյանը նշեց, որ բարեբախտաբար գազի արտահոսք չի եղել:

«Գիշերը 03:00-ի կողմերը ուժեղ քամի սկսվեց, ահավոր վիճակ էր, փառք Աստծուն, որ մարդկային զոհեր չեղան: Ավելի քան 30-40 տուն տուժել է, այժմ մարզպետը գալիս է, որ նայեն, պարզեն վնասների չափը, որպեսզի գյուղացիներին օգնություն ցույց տան, դեմը ձմեռ է եւ գյուղացիները չեն կարող ջարդված լուսամուտներով ու քշված տանիքներով այն դիմավորել»,-նշեց գյուղապետը: