Կան համայնքներ, որոնք խոշորացման արդյունքում կոչնչացնեն ՏԻՄ ինստիտուտը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում համայնքների խոշորացման վերաբերյալ օրնագծի քննարկման ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Դուք միացնում եք համայնքները, որը չի կարելի: Ես իսկապես խոշորացման կողմնակիցն եմ, սակայն իմ արգումենտը հիմա հետեւյալն է, որ պիլոտային այս ծրագրում ներառված գյուղերում մարդկային ու ֆինանսական ռեսուրս չի մնացել, այդ պատճառով չի կարելի գնալ այդ քայլին: Գյուղացիք մեղավոր չեն պետության ֆինանսական սղության համար, բյուջեն է մեղավոր: Խոշորացման այս ծրագրում ներառված չորս գյուղերից մեկում առաջին դասարան չկա:
Հաղարծինը, որ փոքր համայնք չէ, միացնում եք Դիլիջանին: Ինչո՞ւ: Չեղա՞վ, որ ոչնչացնում եք ՏԻՄ-ը: Հանրաքվեի արդյունքները բանի տեղ չեք դնում: Էլ ինչո՞ւ էր հանրաքվեն, ինչո՞ւ եք տանջում ժողովրդին, եթե միևնույնն է՝ պետք է անեք այդ խոշորացումը»,-ասել է Մանուկյանը:
Նա կոչ է արել պիլոտային այս ծրագիրը իրականացնել միայն Սյունիքում, ապա ուսումնասիրությունները շարունակել մյուս մարզերում. «Երեկ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե Սյունիքում տեղի ունեցած ընտրությունները դեմոկրատական էին: Դե եթե Սյունիքի քվեարկության արդյունքները դեմոկրատիա են համարում, իսկ մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ դեմոկրատ, ես ոչինչ չունեմ ասելու: Օրինակ՝ Թումանյանի շրջանի համայնքներում մշակույթն ու ավանդույթներն են տարբեր, իրար չեն սիրում, ո՞նց եք դուք իրենց միացնում»:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ուղղակի չի հասկանում, թե ինչու այսքան քաղաքական կարևոր գործընթացներից կտրված, ժամանակից դուրս ինչ-որ մի նախագիծ է ներկայացվում: Ըստ նրա՝ սահմանադրական փոփոխություններից հետո ունենալու ենք տարբեր կարգավիճակներում հայտնված համայնքներ, իսկ նոր Սահմանադրությունը տալիս է ավելի լավ ու ամբողջական լուծումներ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ է արտահայտվել համայնքների խոշորացմանը՝ նշելով. «Որտեղ շատ մարդ, այնքան շատ փող, որտեղ քիչ մարդ, այնտեղ քիչ փող ու այդ համայնքները մեռնում են: Ես սեմինարներ եմ անցկացրել համայնքներում ու այստեղ միշտ դեմ են եղել խոշորացմանը: Մինչդեռ երբ բացատրում էինք նրանց, նրանք հասկանում են, որ դա լավ բան է: Ես զարմանում եմ, որ ԱԺ-ում եղան մարդիկ, որոնք մասնակցել են այս նախագծի ստեղծմանը ու հիմա քննադատում են այն»:
Ըստ նրա, կա մի սկզբունք՝ բաժանիր, որ տիրես. «Ինը հարյուրից ավելի համայնք ենք ստեղծել ՀՀ-ում, իսկ դա նշանակում է, որ անհնարին է, որ այդ համայնքները համաչափ զարգանան ու իրենց բյուջեով կարողանան մի հարց լուծել, ասենք՝ մի ջրագիծ անցկացնեն: Խոշորացման ծրագիրը լավն է, սակայն իրականացման ընթացակարգը քննադատում եմ»:





























