Արվեստանոց 20-ում, այսօր՝ նոյեմբերի 12-ի երեկոյան, տեղի կունենա Արոն Ռոսման-Քիսի «Կատալոգներ. Եվրոպայի ուրվագիծը» ցուցահանդեսի բացումը. այն բաց կլինի մինչեւ նոյեմբերի 19-ը։

«Կատալոգներ. Եվրոպայի ուրվագիծը» նորարարական լուսանկարչական ցուցահանդես է, որի նպատակն է այցելուին ինտերակտիվ եւ ռեֆլեկտիվ փորձառություն տալ՝ հարցականի տակ դնելով մեր հարաբերությունները սահմանների հետ եւ տեքստի եւ պատկերի միջեւ կապը նարատիվի ստեղծման ընթացքում: Այն հիմնված է վերջին երկու տարիների ընթացքում վիճարկվող եվրոպական եւ Եվրոպայից դուրս գտնվող սահմաններում հավաքված նյութերի վրա (այդ թվում՝ Լամպեդուզա, Կիպրոս, թուրք-սիրիական սահման, Էվրոս շրջան, Հունգարիա եւ Սերբիա, Կոսովո եւ Վրաստանի սահմաններ):

Ցուցահանդեսը բաղկացած է 20 անալոգային լուսանկարներից, որոնք ներկայացված են առանց տեքստի: Մեկնաբանությունները, բացատրությունները եւ արվեստագետի տեսակետը ներկայացված են երեք տարբեր ալբոմներով կամ «կատալոգներով», որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեսանկյուններ է ներկայացնում՝ այդպիսով թույլ տալով այցելուին ստեղծել իր սեփական յուրահատուկ փորձառությունը եւ նարատիվը:

Արոն Ռոսման-Քիսը երիտասարդ վիզուալ արվեստագետ է Ժնեւից: Նա ներկայումս  հիմնականում աշխատում է հասարակական-քաղաքական հարցերի շուրջ եւ իր գործերում մեծապես հիմնվում է լուսանկարչության, վիդեոյի եւ տեքստի օգտագործման վրա:

Եվրոպական սահմանների մասին իր նախագծի համար նա մի շարք ճանապարհորդություններ է կատարել վերջին երկու տարիներին եւ նյութեր հավաքել վերոնշյալ սահմաններում ծավալուն դաշտային աշխատանքի ընթացքում: Ճանապարհորդության ընթացքում իրականացված հարցազրույցները եւ հավաքված վկայությունները ներառում են կառավարական եւ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներից մինչեւ ՀԿ-ների աշխատողներ, խնդիրների ներկայացմամբ զբաղվող արվեստագետներ, փախստականներ, զինվորականներ եւ տեղացիներ: 

Անալոգային ֆիլմով աշխատելու ընտրությունը նրան հնարավորություն է տվել ներկայացնել այս իրականությունները այնպիսի վիզուալ միջոցներով, որոնք տարբերվում են ֆոտոռեպորտաժների ոլորտում այսօր սովորաբար օգտագործվող միջոցներից: