Ի սկզբանե «Եռանկյունի» նախագիծը նախատեսված չէ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի համար. այն ընդգրկելու է բազմաթիվ թեմաներ, ձգվելու է ավելի երկար, հուսով եմ, քան անգամ այս տարին է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը վարում է հիշյալ հաղորդաշարը:

«Գալիք ուրբաթ օրվա հաղորդումը եթե տեսնեք (այն, ի դեպ, գրվել է ավելի շուտ, քան սահմանադրական բարեփոխումներին նվիրված առաջին եթերը, գրվել են նաեւ մի շարք հաղորդումներ), ամենալավ ապացույցն է այն բանի, որ այդ շահարկումները տեղին չեն»,-ասել է Աշոտյանը:

Անդրադառնալով ընդդիմության պնդումներին, թե իշխանությունը վախենում է ընդդիմության հարցերից, Աշոտյանը նշել է. «Այս պարագայում կարծեք թե ինձ համար անհասկանալի մի այլ սխեմա են փորձում հարթակ նետել, որ ընդդիմությունն է վախենում իշխանության հարցերից: Ես իշխանություն չեմ ներկայացնում հեռուստատաղավարում: Բավականաչափ սուր, բավականաչափ անսպասելի, եւ այդ հարցերը միտում ունեն տեսակետ բարձրաձայնելու եւ հնարավորություն տալու»

Դիտարկմանը, թե ՀԱԿ գրասենյակներն ահազանգում են, որ դպրոցներում ծնողական ժողովներ են անում, սակայն պարզվում է՝ դրանք «այո»-ի քարոզարշավ են, Աշոտյանն արձագանքելն է. «Ճիշտն ասած՝ առաջին անգամ եմ լսում: Չեմ հետեւում ՀԱԿ-ի տարածքային կառույցների գործունեությանը, բայց շնորհակալ կլինեմ, եթե նման ահազանգերը փաստարկված լինեն տեսա կամ ձայնագրություններով: Այդ ժամանակ մենք կունենանք լուրջ հիմքեր խնդրով զբաղվելու: Եթե կան կասկածներ, որ կրթական եւ ընտրական օրենսդրությունները չեն պահպանվում ուսումնական հաստատություններում, մեզ տեղեկացնել՝ ամրացնելով, կցելով այդ բողոքներին համապատասխան նյութեր»: