ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը նվաստացուցիչ է համարում ընտրակեղծիքները կանխելու նպատակով իր մատները թանաքոտելը:

Մեծամասնական ընտրակարգով Գավառի ընտրատարածքից պատգամավոր դարձած Բադեյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդումներին, որ նույնականացման քարտով ընտրելը օրինականացնելով` օրինականացվում են ընտրակեղծիքները` կրկնակի քվեարկությամբ, ասել է. «Արդեն համապատասխան մի ծրագիր կա, որ ընտրությունների ժամանակ ներդրվելու է, բավական է մեկը մի տեղ քվեարկի, համապատասխան ծրագրային ապահովում կա, որ երեւում, որ ուրիշ ընտրատարածքում այդ մարդը քվեարկել է»:

Ինչ վերաբերում է մատները թանաքոտելու ընդդիմադիրների առաջարկին, նա վրդովված հակադարձել է. «Լինում են այդպիսի բաներ, բայց աֆրիկական երկրներում, ոչ մի եվրոպական ցիվիլ երկրում մարդուն էս աստիճան չեն նվաստացնում` իրեն թանաքոտելով: Սովորաբար հանցագործության մեջ կասկածվողների մատնահետքերն են վերցնում»:

Այն հիմնավորումներին, թե դա միակ օպտիմալ տարբերակն է, որը կարող է ժողովրդավարական ընտրություններ ապահովել, Բադեյանը նշել է. «Դա արդեն ժողովրդավարական չէ, ժողովրդի նվաստացում է, ինչ կապ ունի ժողովրդավարության հետ, դա պարտադրանք է: Անձամբ ես շատ ցավագին կտանեմ, որ իմ մատները թանաքոտեն` ի սկզբանե ինձ դնելով կասկածյալի դերում, որ ես կարող է պատահի հանցագործություն անեմ, նվաստացուցիչ է»: