Նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ այսօր հայրենիք վերադարձած 76-ամյա Լուսիկ Աբովյանի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Տավուշի մարզի առողջապահության վարչության պետ Նարեկ Վանեսյանը:
Նա հայտնեց, որ տարեց կինը համապատասխան բուժզննում է անցել «Իջեւանի» բժշկական կենտրոնում:
«Լուսիկ Աբովյանը բժիշկներին պատմել է, որ Ադրբեջանում նախօրեին բարձր ճնշում է ունեցել, սակայն այժմ իրեն լավ է զգում, քանի որ հայրենիքում է գտնվում: Նշեմ, որ նա պարբերաբար բուժվել է Իջեւանի հիվանդանոցում, քանի որ սրտի հետ կապված խնդիր ունի»,- ասաց Նարեկ Վանեսյանը:
Վանեսյանի խոսքով՝ 76-ամյա կինը ներկաներին պատմել է, որ սահմանը հատել է, քանի որ մառախուղ է եղել եւ ինքը մոլորվել է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ նոյեմբերի 8-ին գերի է ընկել Հայաստանի քաղաքացի, Տավուշի մարզի բնակչուհի Լուսիկ Ղուկասի Աբովյանը (1939 թվականի ծնված)։
Նոյեմբերի 12-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո 76-ամյա Լուսիկ Աբովյանը Հայաստան է հայրենադարձվել:
Լուսանկարը՝ Aravot.am





























