Հայ ազգային կոնգրեսը կարողացել է 1997 ընտրատեղամասերից միայն 1751-ում հանձնաժողովի անդամներ նշանակել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ հանձնաժողովի անդամներ նշանակվել են պատասխանատու, վստահելի մարդիկ:
«Հանձնաժողովի անդամներ ընտրելիս ցուցաբերել ենք խիստ մոտեցում, ընտրել ենք վստահելի ու պատասխանատու մարդկանց»,-ասաց նա:
Հարցին, թե 245 տեղամասերում որտեղ չի հաջողվել հանձնաժողովի ներկայացուցիչ նշանակել, վտանգ չկա՞ որ կեղծիքներ լինեն, Զուրաբյանն ասաց, որ այդ հարցում իրենց կօգնեն քաղաքացիական, հասարակական կազմակերպությունները, որոնք «Ոչ»-ի կողմնակից են:
«Կա վտանգ եւ մենք այդ բացը կփորձենք ծածկել դիտորդներով, լրագրողներով, ՀԿ-ներով: Մենք մեզ վերահսկող բանակը կառուցելու ենք քայլ առ քայլ: Խիստ ընտրություն ենք կատարել լիցենզիա ունեցող մարդկանց միջեւ, այսքանն ենք կարողացել ապահովել, որը ես համարում եմ շատ լավ արդյունք: Երբեք ոչինչ բավարար չէ, եթե մտնում ես պատերազմի մեջ, պետք է միշտ զինամթերք ունենաս, ոչ մի զինամթերք բավարար չի, միշտ կարելի է զենքի, զինամթերքի պաշարներն ավելացնել»,-ասաց նա:
Լեւոն Զուրաբյանը խոսքով, ամենաշատ ընտրակեղծիքներ լինելու են Սյունիքի մարզում. «Ընտրակեղծիքների կենտրոնը, ինչպես հայտնի է Սյունիքի մարզն է»:
Ավելի վաղ NEWS.am-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել հանրաքվեի բոլոր 1997 տեղամասային հանձնաժողովներում: «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակումներ չեն կատարվել 118 տեղամասային հանձնաժողովներում, իսկ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից` 245 տեղամասային հանձնաժողովներում: Հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների անդամների թափուր տեղերը սահմանված կարգով եւ ժամկետներում կլրացվեն հանրաքվեի ընտրատարածքային հանձնաժողովների նախագահների կողմից:





























