Բյուրոկրատական ատյաններով անցնելը դժվար թե որեւէ մեկին դուր գա: Թեման լավագույնս նկարագրել է խորհրդային երգիծաբան Արկադի Ռայկինն իր «Տեղեկանք»-ում. «Ինձ տեղեկանք տվեք այն մասին, որ ինձ տեղեկանք է հարկավոր»:

Ժամանակները փոխվել են, բյուրոկրատական քաշքշուքը՝ ոչ: Եվ հիմա հաճախ ենք բախվում իրավիճակի, երբ այս կամ այն տեղեկանքի կամ փաստաթղթի համար ստիպված ենք մի քանի անգամ գնալ որեւէ գերատեսչություն:

Չնայած սոցիալական քարտի անհրաժեշտության գաղտնիքն ամբողջությամբ բացահայտել այդպես էլ չհաջողվեց, դրա կարիքը պարբերաբար զգացվում է: Օրինակ՝ եթե պետք է բանկում հաշվեհամար բացեք կամ գույք գրանցեք, ձեզանից սոցքարտ կպահանջեն՝ հաշվի չառնելով անձը հաստատող հիմնական փաստաթղթի՝ անձնագրի առկայությունը:

Բնակչությանը սոցիալական քարտ տրամադրելու բարձրագույն իրավունքն անձնագրային բաժիններինն է: Փաստաթուղթը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում: Սա՝ տեսականորեն:

Իսկ գործնականում, եթե անձնագրային բաժին եք եկել աշխատանքային օրվա սկզբին՝ ժամը 9:00-ին, շտապել եք, քանի որ «քսերոքս»-ը, իսկ այնտեղ ձեզ անպայման կուղարկեն, ավելի ուշ է բացվում, ասենք՝ 9:30-ի սահմաններում:

«Քսերոքս»-ում պետք է պատճենահանեք անձնագիրն ու հայտի ձեւաթուղթը: Այլ կերպ ասած՝ տեսականորեն անվճար տրվող սոցիալական քարտի համար, թեկուզ չնչին, բայց գումար կծախսեք:

Զավեշտալի է այն, որ անձնագիր տրամադրող գերատեսչությունը մեզանից անձնագրի պատճեն է պահանջում:

Իհարկե, ողջունելի է, որ սոցիալական քարտ ստանալու համար քաղաքացիներն այլեւս ստիպված չեն հսկայական հերթեր կանգնել, սակայն ճիշտ չէ նաեւ մարդկանց ստիպել երկու օր ծախսել փաստաթուղթ ստանալու համար, որը կարելի է նաեւ շատ ավելի արագ տալ: