Երեւանի Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցում 2015թ. փետրվարի 19-ին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Ռազմիկ Ավետիսյանն էպիլեպսիկ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական էպիլեպտոլոգիայի կենտրոնի Նյարդաբանության եւ նյարդավիրաբուժական ծառայության գծով տնօրեն, նյարդաբան Նունե Եղիազարյանը:
«Այդ մարդուն ուղեգրել են մեզ մոտ՝ մոնիտորինգի, մենք իր մոտ տեսել ենք կոնկրետ էպիլեպսիկ ակտիվություն, գիշերվա ընթացքում նույնիսկ գրանցվել է էպիլեպսիկ նոպա: Այն, որ նրա մոտ էպիլեպսիա է առկա, գրեթե կասկած չի հարուցում, իր մոտ կա այդ դիագնոզը»,-ասաց նյարդաբանը՝ հավելելով, որ Ռազմիկ Ավետիսյանը հարմարվել էր իր հիվանդության հետ, այդ պատճառով էլ չէր ցանկացել որեւէ բուժհաստատությունում գրանցվել:
Հարցին, թե արդյոք էպիլեպսիա ունեցողներին թույլատրվում է վարորդական իրավունք տալ, Նունե Եղիազարյանը պատասխանեց, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ այսպիսի հիվանդները վարորդական վկայական ստանալու իրավունք չուներ: Այնուամենայնիվ, նրա խոսքով, պատահում է, որ քաղաքացին վարորդական իրավունքը ստանալուց հետո է ձեռք բերում այդ հիվանդությունը, ու եթե հիվանդը գրանցված չի լինում բուժհաստատությունում, հետագա վերահսկողություն չի իրականացվում։
Անդրադառնալով մեղադրյալի այն պնդումներին, թե վթարի պահին ինքն անգիտակից վիճակում է եղել՝ Նունե Եղիազարյանը նշեց, որ չի կարող դա հաստատել:
«Դժվար է ասել՝ վթարի պահին նոպա է ունեցել, թե ոչ, բայց որ էպիլեպսիա ունի ու վաղուց, դա հաստատ է: Նա շարունակաբար դեղեր է ստացել, եկել է մեզանից թուղթ է ստացել, որ էպիլեպսիա ունի: Սրտի վիրահատության հետ կապված ինքը եկել է, թուղթ է ստացել, որովհետեւ սրտաբաններն են խնդրել»,-ասաց նյարդաբանը:
NEWS.am-ի հետ զրույցում, սակայն, երկվորյակներին մահացու վրաերթի գործով մեղադրյալ Ռազմիկ Ավետիսյանի քույրը՝ Սոնա Դավթյանը, նշեց, որ իր եղբայրն էպիլեպսիա չունի, պարզապես տասը տարի առաջ սուր ինֆարկտ է տարել, սրտի բաց վիրահատության է ենթարկվել, այժմ 3-րդ կարգի հաշմանդամ է:
Ըստ Սոնա Դավթյանի՝ իր եղբայրը, որպես էպիլեպսիկ որեւէ բուժհաստատությունում հաշվառված չի եղել: Ունի վարորդական իրավունք, ծառայության համար պիտանի է ճանաչվել, զենք կրելու իրավունք է ունեցել, նույնիսկ ՊՆ վարորդ է եղել:
Ճանապարհային ոստիկանության Հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ վարորդական վկայական տալուց առաջ քաղաքացիներից բժշկական փաստաթղթեր չեն պահանջում, իրենց տվյալների բազայում առկա է այն քաղաքացիների ցանկը, որոնց հակացուցված է վկայական ստանալը:
«Եթե քաղաքացին որեւէ հիվանդություն ունի եւ հաշվառված է որեւէ պոլիկլինիկայում, նարկոդիսպանսերում, կամ հոգեբուժարանում, մեր տվյալների բազայում դա երեւում է, եւ քաղաքացին վարորդական վկայական չի ստանում: Իսկ բժշկական փաստաթուղթ պահանջում ենք միայն այն դեպքում, երբ արտաքին զննությամբ պարզվում է, որ քաղաքացին աչքի, ձեռքի, ոտքի խնդիր ունի: Մենք չենք կարող իմանալ` մարդը էպիլեպսիկ է, եթե այդ պահին նշաններ ցույց չի տալիս, կամ որեւէ հաստատությունում հաշվառված չէ: Մարդու իրավունքների ոտնահարում կլինի, եթե ի սկզբանե փաստաթուղթ ներկայացնել պահանջենք, ասենք` դուք ինվալիդ եք»-ասաց ՃՈ աշխատակիցը՝ չցանկանալով ներկայանալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռ.Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:
Նշենք, որ Ռազմիկ Ավետիսյանն իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել:





























