ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը պնդում է, որ եթե 2016 թվականի բյուջեում չի նախատեսվում աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, դա դեռ չի նշանակում, որ բոլորն աղքատանալու են: Այս մասին նա հայտնել է NEWS.am-ի հետ զրույցում:

Հակոբ Հակոբյանն ասել է, որ բյուջեում 2.2 տոկոս տնտեսական աճ նախանշելը, դեռ իրավիճակի վատթարացում չէ, պարզապես իրականության ռեալ գնահատական է:

«Դա վատի նախապայման չէ, նախապայման է իրականությունը ճիշտ գնահատելու: Եթե ուզւոմ եք գերագնահատենք, խաբենք, բայց արդյունքում նույնը լինի… Մենք գնահատել ենք, որ սա է լինելու, կարող էինք հինգ տոկոս գրել, մի տարի կսպասեինք ու կասեինք` էս ինչ բանն է խանգարել, կարողացել ենք 2.2 ապահովել, հիմա գիտենք, որ խանգարող բաներն այսօրվա իրավիճակով կա եւ գիտենք, որ դրանով ապահովելու ենք 2.2 տոկոս»,-փորձել է հիմնավորել պատգամավորը:

Ինչ վերաբերում է թոշակներն ու աշխատավարձերը չբարձրացնելուն, Հակոբյանը նշել է. «Երբ որ ասում ենք, որ թոշակները չեն բարձրացել, դա չի նշանակում, որ թոշակառուները հաստատ աղքատանալու են բոլորը, որովհետեւ հայկական ընտանիքում տատերը, պապերը, թոռները հիմնականում ապրում են իրար հետ, խոցելի են նրանք, որոնք ապրում են մեն- մենակ: Ընտանեկան նպաստի ծրագրում աղքատության շեմն անցնելու վերաբերյալ հատուկ ունենք ծերության նպաստի հետ կապված լուծման տարբերակ, որը թույլ կտա, որ այն կենսաթոշակառուները, որոնք կանցնեն աղքատության շեմը, իրենց աղքատության ծրագրով կփոխհատուցեն»:

Աշխատավարձերի հետ կապված պատգամավորը հատուկ հուսահատվողների համար շեշտել է, որ անկախ ամեն ինչից աշխատավարձը ստաժի ավելացմամբ պայմանավորված 3-4 տոկոսով ամեն տարի բարձրանում է:

«Ով ասեց, որ աշխատավարձերը չի բարձրանալու: Հանրային ծառայության համակարգում յուրաքանյուր մեկ տարվա ստաժը փող է եւ այդ աշխատավարձը այսպես թե այնպես բարձրանալու է: Որ ասում ենք` չի բարձրանալու, մենք նկատի ունենք գլոբալ սկզբունքը, բայց 3-4 տոկոս բարձրանում է ստաժի հետ կապված, եթե բյուջեով չի բարձրանում, դա չի նշանակում, որ իրականության մեջ չի բարձրանում: Նախորդ տարիներին համ ստաժով էր բարձրանում, համ բյուջեով էր նախատեսվում, հիմա միայն ստաժն է մնում, բայց բարձրանում է»,-պարզաբանել է նա: