Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մեծամորի բնակչուհի, հղիության 5-րդ ամսում գտնվող 28-ամյա Նարինե Շարոյանի մահվան գործով դատաքննությունը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հղիի մահվան մեջ մեղադրվող մանկաբարձ Հասմիկ Հակոբյանի փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ նոյեմբերի 30-ին կայանալիք նիստում հարցաքննվելու է «Արմավիր» ԲԿ-ի ծննդատան վարիչը:

«Այս փուլում հարցաքննվում են վկաները: Արդեն հիմա էական ապացույցներ են ձեռք բերվել, որ իմ մեղադրյալն անփույթ չի եղել»,- ասաց Կրոմվել Գրիգորյանը՝ նշելով, որ ինքն ակնկալում է, որ Հասմիկ Հակոբյանը կարդարացվի:

Նշենք, որ Հասմիկ Հակոբյանն ու իր պաշտպանը պնդում են, որ հղի կնոջ մահվան իրական մեղավորը գինեկոլոգ Արմեն Վարդանյանն է: Հիշեցնենք, որ Արմեն Վարդանյանը գործում ներգրավված է որպես վկա, եւ իր հերթին պնդում է, որ Հասմիկ Հակոբյանը ինքնուրույն, առանց իր հետ խորհրդակցելու է որոշել հղիին գինեկոլոգիական բաժանմունքում պահելու փոխարեն ուղարկել ինֆեկցիոն բաժանմունք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարինե Շարոյանը «Արմավիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել թունավորում ախտորոշմամբ, փսխել էր, այնուհետեւ` ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխվելուց հետո նրան կեսարյան հատում էին արել, հեռացրել արգանդը: Վիրահատությունից հետո Նարինեին տեղափոխել էին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նա 2014թ. հուլիսի 2-ին մահացել էր։ 28-ամյա Նարինեն 7 տարեկան երեխա ուներ:

Փորձաքննությամբ պարզվել էր, որ «Արմավիր» ԲԿ-ում վիրահատությունը կատարվել է ուշացումով։ Ըստ փորձագետների՝ հաշվի առնելով Նարինե Շարոյանի հղի լինելը եւ նրա մոտ մինչեւ այդ ախտորոշված «բարդացած մանկաբարձական անամնեզ» ախտորոշումը, անհրաժեշտ էր ի սկզբանե նրան ընդունել ոչ թե ինֆեկցիոն բաժանմունք, այլ մանկաբարձական, որտեղ ժամանակին հնարավոր կլիներ ախտորոշել հղիության հետ կապված բարդությունները եւ փրկել նրա կյանքը։

Դեպքի առթիվ «Արմավիր» ԲԿ-ի գինեկոլոգ-մանկաբարձ Հասմիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: