Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նոյեմբերի 10-ին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ին ոչ թե հոգեբույժ է անհրաժեշտ, այլ հոգեբան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքնահրկիզված կնոջ քույրը՝ Ն.Ս.-ն:
«Բժիշկն ասում է, որ քրոջս հոգեբույժի հսկողության տակ պետք է պահել, կարող է հոգեկանը խանգարված լինի, մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Նախ մի քանի անգամ չէ, երկու անգամ է, դրանից առաջ նա ինքնասպանության փորձ չի արել, հետո էլ նա հոգեկան խնդիրներ չունի: Նա ուղղակի նյարդայնացած է, նրա հետ պետք է հոգեբաններ աշխատեն: Եթե հետաքրքրվող, մտածող կա, թող հոգեբան տրամադրեն, թեկուզ՝ հիվանդանոցը, ես չգիտեմ՝ որտեղ դիմել»,-ասաց Ն.Ս-ն:
Ինքնահրկիզված կնոջ քույրը նշեց, որ նրա 6-ամյա եւ 3-ամյա դուստրերը նույնպես հոգեբան կարիք ունեն, քանի որ մեծ սթրեսի են ենթարկվել:
Կնոջ խոսքով՝ իրենք դիմել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին, որը պարենային աջակցությունից զատ, պատրաստակամություն է հայտնել Լուսինե Ս.-ի մանկահասակ երեխաներին հոգեբաններ տրամադրել:
«Պայմանավորվել ենք արդեն, երկուշաբթի երեխաներին պետք է տանեմ, որպեսզի նրանց հետ հոգեբանական աշխատանքներ տանեն: Երեխաները ընդգրկված են հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի՝ աջակցության կարիք ունեցողների ցանկում եւ աջակցություն են ստանում»,-նշեց կինը՝ հավելելով, որ երեխաներն այժմ իր խնամքին են:
Լուսինե Ս.-ն այժմ գտնվում է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում, շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ: Նա խորը այրվածքներ չունի, եւ արդեն ապաքինվում է:
Հիշեցնենք, որ ըստ ՏԿԱԻՆ մամուլի ծառայության՝ նոյեմբերի 10-ին 23:00-ի սահմաններում տեղեկատվություն է ստացել, որ քաղաքացին իր երեխաների հետ փորձում է վնասել իրեն, ձեռքին կա դյուրավառ հեղուկով տարա. անհրաժեշտ է օգնություն:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 40-ամյա Լուսինե Ս.-ն երեխաների հետ (Մ.՝ ծնվ. 2013 թ, Գ.՝ ծնվ. 2010 թ.) փորձել է ինքնահրկիզվել` դյուրավառ նյութն (բենզին) իր վրա լցնելով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները կանխել են ինքնահրկիզման փորձը: Լ. Ս.-ը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ՝ վերին եւ ստորին վերջույթների շրջանում եւ հոսպիտալացվել հիվանդանոց:
Նշենք, որ Լուսինե Ս.-ն երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել՝ մեկ անգամ վնասել է պարանոցը, երեխաների աչքի առջեւ փորձել նետվել Կիեւյան կամրջից եւ ինքնահրկիզվել: Իսկ դեպքից առաջ սկանդալ է սարքել Երեւանի սուպերմարկետներից մեկում, սպառնացել կտրել իր կոկորդը:





























