Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում նոյեմբերի 10-ին ինքնահրկիզված 40-ամյա Լուսինե Ս.-ն, որն արդեն երրորդ անգամ է ինքնասանության փորձ անում, ինքնասպան լինելու նպատակ չունի, նա պարզապես ցանկանում է ոստիկանների ուշադրությունը կենտրոնացնել երկու տարի առաջ իր բնակարանում տեղի ունեցած գողության դեպքը բացահայտելու վրա:
«Մինչեւ չխոսեմ իր հետ չեմ կարող հաստատ ասել, բայց ենթադրում եմ, որ դեմոնստրատիվ ինքնասպանության փորձեր է անում, որոնց նպատակը ոչ թե բուն ինքնասպանությունն է, այլ իր մեսիջն ուղարկել մարդկանց, իր եւ իր խնդրի վրա ուշադրություն կետրոնացնել: Այս դեպքում, ենթադրում եմ, որ կինը դեմոնստրատիվ ինքնասպանության փորձ է անում, որն իր պրոբլեմների վրա ուշադրություն դարձնելու միջոց է»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Լուսինե Ս.-ի քրոջ խոսքով՝ կինը նյարդային լարված վիճակում է հայտնվել, իր բնակարանը թալանելուց հետո: Նա վստահ է, որ ոստիկանները գիտեն՝ ովքեր են իր բնակարանից ոսկեղեն եւ գումար հափշտակել, սակայն չեն բացահայտում դեպքը:
Սամվել Խուդոյանը հաստատեց, որ հնարավոր է գումարի եւ արժեքավոր իրերի կորուստի դեպքում մարդիկ դիմեն ինքնասպանության՝ եւս մեկ անգամ հավելելով, որ Լուսինե Ս.-ն դեպրեսիվ վիճակում է հայտնվել եւ ցանկանում է իր խնդրի վրա պատկան մարմինների ուշադրությունը գրավել:
«Եթե մարդը սովորաբար սրա-նրա աչքի առաջ է ինքնասպանության փորձ անում, կամ մարդաշատ վայրեր է ընտրում, կամ ինչ-որ մեկի հետ հանդիպում է պահանջում, այդ մարդն ինքնասպանության իմիտացիա է անում: Այս կնոջ դեպքում էլ է ինքնասպանության իմիտացիա»,-ասաց հոգեբանը:
Նշենք, որ Լուսինե Ս.-ն 2015թ. օգոստոսի 3-ին սպառնացել էր Երեւանի Կիեւյան կամրջից ցած նետվել: Կինն անցել էր կամրջի ցանկապատից այն կողմ՝ հայտարարելով, որ «ոստիկաններն իր փողերը կերել են» եւ հանդիպում պահանջել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ: Դեպքի վայր էր եկել Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ապա ոստիկաններին հաջողվել էր կնոջը համոզել հետ կանգնել իր մտադրությունից՝ խոստանալով լուծում տալ նրա խնդրին:
Իսկ նոյեմբերի 10-ին՝ նախքան ինքնահրկիզվելը, Լուսինե Ս.-ն, նրա քրոջ խոսքով, կրկին ոստիկանություն էր գնացել իր բնակարանի գողության դեպքի առնչությամբ, ապա զայրացած եկել էր իր տուն, վերցրել իր մանկահասակ երկու դուստրերին եւ հեռացել: Ավելի ուշ Երեւանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում ինքնահրկիզվելու միջոցով ինքնասպանության փորձ արել:
Ըստ մեր տեղեկությունների՝ դեպքից առաջ կինը սկանդալ էր սարքել Երեւանի սուպերմարկետներից մեկում, սպառնացել կտրել իր կոկորդը:
Լուսինե Ս.-ն այժմ գտնվում է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոն» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում, շուտով կտեղափոխվի հիվանդասենյակ: Նա խորը այրվածքներ չունի, եւ արդեն ապաքինվում է:





























