Ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը պարտադրված էր Հարավային Սուդան մեկնել. վերջին 1-2 տարիներին մասնագետը չէր կարողանում համապատասխան աշխատանք գտնել Հայաստանում:

«Հայաստանի լավագույն մասնագետներից մեկն էր: Հենց ինքնաթիռ էր փչանում, Արմենին էին դիմում, այս գործի մեջ էր 1998թ.-ից: Տարբեր ավիաընկերություններում էր աշխատել, բայց վերջին տարիներին գործ չէր գտնում: Տարբեր տեղեր էր դիմել աշխատանքի ընդունվելու համար, բայց ոչինչ չստացվեց ու պարտադրված մեկնեց Հարավային Սուդան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նոյեմբերի 4-ին զոհված Արմեն Անտոնյանի հարազատները:

Ավիատեխնիկը նախկինում էլ էր աշխատելու նպատակով Աֆրիկա մեկնել, մի քանի ամիս աշխատելուց հետո վերադարձել Հայաստան եւ նորից փորձել այստեղ աշխատանք գտնել: Ինչպես հարազատներն ընդգծեցին, շատ էր ուզում հայրենիքում մնալ եւ աշխատել. «Մոտ երկու ամիս առաջ ստիպված Հարավային Սուդան մեկնեց, գնացել էր փող աշխատելու եւ ընտանիքը պահելու համար, բայց... ավիավթարը թույլ չտվեց»:

Թե ում մոտ էր աշխատելու գնացել Արմեն Անտոնյանը, հարազատները չգիտեն, պայմանագիրը դեռ չեն տեսել: Այնուամենայնիվ, համոզված են, որ Անտոնյանն իր գործի վարպետն էր եւ չէր կարող թերանալ իր պարտականություններում:

Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան ավիավթարի զոհերի մարմինները տեղափոխեցին Հայաստան:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 4-ին Հարավային Սուդանում կործանվել էր Allied Services Limited ավիաընկերությանը պատկանող բեռնատար ԱՆ-12 օդանավը։  ԱՆ-12-ը վայր է ընկել թռիչքից անմիջապես հետո եւ վնասելով բնակելի շինություններ՝  ընկել է Նեղոս գետը։ ԱՆ-12-ում եղել է 18 մարդ, այդ թվում ՀՀ  5 քղաքացի` հրամանատար Գեւորգ Թովմասյան, երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյանը, բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյանը, ավիատեխնիկ Արմեն Անտոնյանը, ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան։ ՀՀ բոլոր քաղաքացիները զոհվել են։ Վերջին տվյալով` ավիաաղետի հետեւանքով զոհվել է 40 մարդ։