Նոյեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հանրապետությունում քամի սպասվում է, բայց ոչ այն ուժգնությամբ, ինչպես որ նախօրեին էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զառա Պետրոսյանը:

«Նոյեմբերի 11-ի լույս 12-ի գիշերվանից սկսված ուժեղ քամին պայմանավորված էր քամին հարավից տաք հոսանքների եւ հյուսիսից ցուրտ հոսանքների ներթափանցումից: Այսօր արդեն քամու ուժգնացում չկա, սակայն գիշերը սպասվում է, բայց ոչ նման ուժգնությամբ»,- ասաց Զառա Պետրոսյանը:

Մասնագետի խոսքով՝ առաջիկա գիշեր լեռնային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, իսկ հովտային շրջաններում՝ անձրեւ:

«Նոյեմբերի 15-ից ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, հովտային շրջաններում կլինի մինչեւ 13 աստիճանի ջերմություն»,- նշեց Զառա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ի լույս 12-ի սկսած քամին մեծ վնասներ է հասցրել Լոռու, Արագածոտնի մարզերում, նաեւ մայրաքաղաք Երեւանում: Փոթորիկի հետեւանքով արմատախիլ են եղել ծառեր, պոկվել են շենքերի տանիքներ: