Հայաստանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարությունների միջեւ նոյեմբերի 11-ին, քաղաքական խորհրդատվություններ են անցկացվել փոխարտգործնախարարների մակարդակով, որտեղ քննարկվել են քաղաքական, տնտեսական, միջազգային եւ այլ հարցեր:

Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդատվությունները հայկական կողմից գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալ Վեպա Խաջիեւը:

Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու նոր հնարավորությունները: Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է նման միջոցառումների պարբերական անցկացումը, որն արդյունավետ հարթակ է երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը եւ դրանց իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը քննարկելու համար: Ընդգծվել է հայ-թուրքմենական հարաբերությունների խորացման եւ զարգացման գործում բարձրաստիճան փոխայցելությունների շարունակականության հետագա ապահովման կարեւորությունը:

Խորհրդատվությունների օրակարգում ներառված էր հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ քաղաքական փոխգործակցության հետագա ակտիվացումը, երկկողմ տնտեսական բաղադրիչի հնարավորությունների օգտագործումը, միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության ծավալումը, հումանիտար եւ մշակութային կապերի խորացումը, ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնումը:

Խորհրդակցությունների ընթացքում տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրների շուրջ: