ԱՄՆ-ում դատարանը որոշել է կալանքի տակ թողնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կնոջ զարմիկներին, որոնց կասկածում են թմրանյութ ներկրելու մեջ։ Դատարանի վճռով նրանք կալանքի տակ կմնան առանց գրավի դիմաց ազատ արձակելու իրավունքի։

Վենեսուելայի առաջին տիկնոջ ազգականները հինգշաբթի Նյու Յորքում կանգնել էին դատարանի առջեւ։ Ինչպես հայտնում է AP-ը, հաջորդ լսումը կկայանա եկող չորեքշաբթի։

Ֆրանկի Ֆրանսիսկո Ֆլորես դե Ֆրեյտեսն ու Էֆրաին Անտոնիո Կամպո Ֆլորեսը կալանավորվել էին Հաիթիում եւ հանձնվել ԱՄՆ իշխանություններին դավադիր ճանապարհով ԱՄՆ թմրանյութ ներկրելու մեղադրանքով։

Ըստ ներկայացված մեղադրանքների՝ Կամպո Ֆլորեսն ու Ֆլորես դե Ֆրեյտեն 2015թ. հոկտեմբերից պայմանավորվել էին այլ անձանց հետ ԱՄՆ օրենքները խախտելու ճանապարհով թմրանյութ ներկրել այդ երկիր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։