Մեքսիկայի դաշնային ոստիկանության եւ դատախազության աշխատակիցները ավելի քան 50 երեխաների են փրկել աշխատանքային ստրկությունից: Երեխաներն աշխատում էին Չիապաս նահանգի Տապաչուլայի շրջանի պլանտացիաներում: Բոլոր անչափահասներն ու նրանց ծնողները (18 ընտանիք) Քվատեմալայի քաղաքացիներ են, հաղորդում է «Տելեվիսա» մեդիահոլդինգը:
«Այդ 18 ընտանիքներում, ընդհանուր առմամբ, եղել է 54 անչափահաս»,-հայտարարել է Չիապասում Գվատեմալայի գլխավոր հյուպատոս Էկտոր Սիպակը: Նրա խոսքով, նրանք աշխատել են օրական 10 ժամ, շաբաթական 6 օր՝ հավաքելով սուրճի սերմեր: Յուրաքանչյուր կիլոգրամի համար նրանց վճարել են ընդամենը 1,5 պեսո (0,09 դոլար) եւ աղքատիկ կերակրել են: Պլանտացիայի սեփականատերերին իշխանությունները տուգանել են՝ երեխաներին շահագործելու համար, իսկ բոլոր այդ ընտանիքները վերադարձել են Գվատեմալա:
Չիապասը սուրճի արտադրությամբ առաջատար նահանգներից է: Ըստ Միգրացիայի ազգային ինստիտուտի տվյալների, ամեն տարի գյուղատնտեսական աշխատանքների համար այստեղ են գալիս շուրջ 75 հազար գվատեմալացիներ, հաղորդում ե ՏԱՍՍ-ը:





























