Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանում նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ուժեղ պայթյունից տուժած 68-ամյա Էլզա Մանուչարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից, որտեղ գտնվում են 68-ամյա կինն ու 21-ամյա Սարմեն Հակոբյանը, որը նույնպես տուժել է պայթյունից:
Էլզա Մանուչարյանը ստացել է խորը այրվածքներ, շոկային վիճակում է, նրա կյանքին վտանգ է սպառնում: Սարմեն Հակոբյանի վիճակը բավարար է:
Նշենք, որ Սարմեն Հակոբյանն ու Էլզա Մանուչարյանը բարեկամներ են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` նոյեմբերի 12-ին, Հրազդանի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով Հրազդան քաղաքի Միկրոշրջան 32 շենքի 18 բնակարանի բնակիչ, 21-ամյա Սարմեն Հակոբյանին եւ նշված բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող 68-ամյա Էլզա Մանուչարյանին տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են Հրազդանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան՝ Այրվածքաբանական կենտրոն:





























