Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում, այսօր՝ նոյեմբերի 13-ին, 70 կողմ, 14 դեմ եւ 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց համայնքների խոշորացման վերաբերյալ օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթ է ունեցել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը եւ հայտարարել, որ օրինագիծը ներկայացվել է Սահմանադրության պահանջների խախտումով, քանի որ կցված չէին հանրաքվեների մասին տվյալները:

«Հիմա վերջապես բաժանվել է, կոչ եմ անում քվեարկելուց առաջ ուշադիր լինել արդյունքների նկատմամբ: Պարզվում է՝ համայնքները դեմ են քվեարկել խոշորացմանը: Կոչ եմ անում՝ հարգել ժողովրդի կամքը»,-ասել է նա:

Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծել է. «Քվեարկության արդյունքները, ըստ քննարկվող հարցի, պարտադիր չէին, որ լինեին, սակայն ձեր խնդրանքով են դրանք ներկայացվել»:

Նշենք, որ արտահերթ նիստի սկզբում քվեարկության են դրվել քննարկված մի շարք այլ օրինագծեր, որոնք ընդունվել են առանց հարցերի և դիտարկումների: