«Ոչ»-ի կողմնակիցներն ընդվզում է ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ իշխանությունների դեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն ընդդիմադիրներին հիշեցրեց, որ 2010-2011թթ. խորհրդարանական համակարգի մասին խոսում էին հենց իրենք, այդ թվում «Ժառանգությունը», որն այսօր «Ոչ»-ի ճակատում է:

«Ընդվզումը կապ չունի Սահմանադրության հետ, այլ թե ով է ներկայացրել այն, այսինքն կապ ունի իշխանության հետ: «Ոչ»-ը փորձում է ժողովրդին համոզել, որ եթե կողմ քվեարկեն, նշանակում է` կողմ են քվեարկում  իշխանություններին»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` Սահմանադրական փոփոխությունները լայն հնարավորություններ են տալիս ընդդիմադիր ուժերին, ավելին իշխանություններն ավելի լավ կաշխատեն, եթե զգան ընդդիմության շունչը:

«Մրցունակ ընդդիմություն ստեղծելու ճանապարհ է հարթում այս Սահմանադրությունը: Շատ կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչու է ընդդիմությունը «Ոչ» ասում: Եթե վստահ եք ձեր ուժերին, միացեք մեզ, կողմ քվեարկենք, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաղթեք եւ դարձեք մեծամասնություն` առանց ջղաձգումների, Մարտի մեկի»,- ասաց նա:

Մինչդեռ «Նոր Հայաստան» հանրային փորկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը չի հավատում, որ Հայաստանում արդար ընտրություններ կանցկացվեն:

«Դուք առաջինը չեք, որ նման բան եք առաջարկում: Մեր նպատակն իշխանւթյան գալը չի, այլ երկիրն այս ճգնաժամից դուրս հանելն է: Պետությունն այսօր ճգնաժամի մեջ է, այդ մասին բոլորը գիտեն»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը` նշելով, որ իշխանությունները փոփոխություններն անում են զուտ վերարտադրության համար:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի վեցին: