Երկու ընդդիմադիր ուժերի` «ՀԱԿ»-ի եւ «Ժառանգության» մրցակցությունը հանրօգուտ է: Այսօր` նոյեմբերի 13-ին, հարցին, թե Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող երկու ճակատները չե՞ն խանգարի միմյանց, այսպես արձագանքեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Անդրիաս Ղուկասյանը:
«Մի կենտրոնից ղեկավարվելը խոցելի է դարձնում ընդդիմադիր շարժումը: Այսօր կա երկու կենտրոն`«ՀԱԿ» եւ «Ժառանգություն»: Կարծում եմ` երկու ընդդիմադիր ուժերի մրցակցությունը հանրօգուտ է, ըստ իս` դրական է, որ այս դաշտում մենաշնորհ չկա»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի մեկին կայանալիք բողոքի ակցիային, Ղուկասյանը նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ շուրջօրյա հանրահավաքները մարդաշատ ,լինեն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վեցին կայանալիք հանրաքվեի դեմ պայքարում են երկու ճակատ` «Ոչ» ու «Նոր Հայաստան»-ը: Առաջինի կազմում ՀԱԿ-ն է, երկրորդում` «Ժառանգությունը»:





























