Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի (www.elections.am) «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժինը համալրվել է եւս մեկ հնարավորությամբ:

ԿԸՀ-ից  NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ այցելելով հանձնաժողովի կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին` ընտրողը, հավաստիանալով, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, սեղմելով տեղամասի համարը նշող տողը, կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը, իսկ սեղմելով տեղամասի համարը պարունակող նշանը` տեսնել նաեւ տեղամասի գտնվելու հասցեն:

Կայքի նորամուծությունը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին, առանց հավելյալ ջանքեր գործադրելու, ստանալ լիարժեք տեղեկատվություն` տեղամասի համարի եւ գտնվելու վայրի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավություն է տալիս նաեւ ստանալու տեղեկատվություն` միեւնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ: