ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը վերսկսել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի փաստաբանի՝ Վարչական դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը:

Դատարանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, գործով որոշում հրապարակելու փոխարեն հայտարարեց, որ բողոքի քննությունը վերսկսում է եւ հետաձգեց դատական նիստը:

«Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով մենք դիմել ենք Վճռաբեկ դատարան, որը վարույթ է ընդունել: Այս գործի վերսկսման որոշումը կապում ենք Վճռաբեկի վարույթ ընդունելու հետ»,- լրագրողներին ասաց Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ Վարչական վերաքննիչ դատարան ներկայացված բողոքը վերաբերում է Վարչական դատարանի այն որոշմանը, որով նա Կիվիրյանին պարտավորեցրել էր 50 հազար դրամի տուգանք վճարել 2013թ. Երևանի քաղաքապետարանի մոտ վրան տեղադրելու փորձի համար:

Ըստ վերաքննիչ բողոքի՝ Արգիշտի Կիվիրյանին իրականում ոստիկանություն ավելի վաղ են տարել, քան պաշտոնապես ներկայացվում է, եւ երեք ժամից ավելի են պահել, բացի այդ՝ վրանի տեղադրումը չի կարող դիտվել որպես հասարակական կարգի խախտում եւ ոստիկաններն իրավունք չունեի դրա համար բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել տրանսպորտի թանկացման դեմ քաղաքապետարանի առջեւ նստացույցի ժամանակ, երբ Կիվիրյանը փորձել էր վրան տեղադրել նստացույցի մասնակիցների համար: